29/04/2015 10:56
ԱՄՆ Հյուպատոս. ԱՄՆ քաղաքացիներին հայտնում ենք, որ ՀՀ-ում հանցավորության ցածր մակարդակ է
Որքանո՞վ է Հայաստանը հրապուրիչ զբոսաշրջիկների համար և որքանո՞վ են նրանք Հայաստանը համարում անվտանգ երկիր շրջագայությունների համար: Այս հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է ՀՀ-ում ԱՄՆ Հյուպատոս Ֆրենկ Տուի հետ:
-Պարոն Հյուպաստոս, ինչպե՞ս են ԱՄՆ քաղաքացիները գնահատում Հայաստանի անվտանգությունը, արդյո՞ք ապահով են իրենց զգում մեր երկրում:
-Այլ երկրների պայմաններին ամերիկացիները կարող են ծանոթանալ տարբեր կայքերի միջոցով, որոնցից մեկն է ԱՄՆ պետքարտուղարության կողմից վարվող Travel.State.Gov կայքը, որը տեղեկություններ է ապահովում աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում Հայաստանի մասին: Երկրի մասին տեղեկությունները տարեկան կտրվածքով թարմացվում են մեր գրասենյակի կողմից և այդ տեղեկությունները պատրաստելիս մենք խորհրդակցում ենք դեսպանատան մեր գործընկերների հետ, օգտվում ենք Հայաստանի պետական կառույցների հրապարակած տվյալներից և նշում ենք այն միջադեպերի մասին, որոնց մասին անձամբ տեղյակ ենք:
Հանցավորության առումով ուզում եմ ուրախությամբ նշել, որ ամերիկացիներին մենք հայտնում ենք, որ Հայաստանում հանցավորությունը համեմատաբար ցածր մակարդակի վրա է:
-Հիմնականում ի՞նչ բացասական արձագանք, բողոքներ են ստացվում նրանցից:
-Մի քանի ամերիկացի ներդրողներ հայտնել են սեփականության հետ կապված վեճերի մասին, որոնց հետ կապված նրանք փորձել են իրավական լուծում գտնել երկարատև ու շատ հաճախ՝ անհաջող ելք ապահոված դատական վարույթների միջոցով:
-Որքանո՞վ դրական ազդեցություն ունեցավ Հայաստան մուտքի վիզայի վերացումը՝ տուրիստական ներհոսք ապահովելու տեսանկյունից:
-Սա լրացուցիչ հարմարություն է ստեղծում ու վստահ եմ, որ շատ զբոսաշրջիկների կհամոզի այցելել Հայաստան: Այն գործարկվել է 2015թ. հունվարից, ուստի Հայաստանի կառավարության կողմից այցելուների թվի վերաբերյալ տվյալներ դեռ չկան, որոնք թույլ կտային փաստել ներհոսքի ավելացումը:
-Ո՞ր դեպքերում և ո՞ր խնդիրների դեպքում են տվյալ երկրի քաղաքացիները դիմում ՀՀ-ում տեղակայված իրենց դեսպանատուն, ինչպիսի՞ ն է ընթացակարգը և արդյո՞ք այն շատ բյուրոկրատական քաշքշուկ իրենից չի ներկայացնում:
-Ամերիկացի տուրիստների մեծ մասը Հայաստան գալ և գնալու հետ կապված խնդիրներ չեն ունենում: Դեսպանատուն դիմող ամերիկացիների մեծ մասը ամերիկահայեր են, ովքեր բնակվում են Հայաստանում և սովորաբար դեսպանատուն են գալիս նոր անձնագիր ստանալու անհրաժեշտություն առաջանալիս: Նոր անձնագրի տրամադրման գործընթացը շատ պարզ է. ԱՄՆ քաղաքացին դեսպանատան ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերում առցանց համակարգի միջոցով, ապա այդ հանդիպման ժամանակ ներկայացնում է անձնագրային դիմումի ձևը, լուսանկարները և իր ընթացիկ անձնագիրը: 14 աշխատանքային օրվա ընթացքում դեսպանատունը ստանում է նոր անձնագիրը, որից հետո քաղաքացին կարող գալ և ստանալ այն: Մինչ նոր անձնագրի պատրաստ լինելը քաղաքացին իր մոտ է պահում հին անձնագիրը: Նոր անձնագիրը ստանուց հետո մենք հին անձնագիրը դարձնում ենք անվավեր, սակայն քաղաքացին դա կարող է պահել որպես անձը հաստատող փաստաթուղթ և որպես հուշ:
Հայաստանում գտնվող շատ ամերիկացիների նաև հետաքրքրում է այն, թե իրենց ընտանիքի անդամները ինչպես կարող են ներգաղթել Միացյալ Նահանգներ: Ներգաղթային գործընթացը թափանցիկ է ու սահմանված է շատ հստակ քայլերով, որոնց մասին մանրամասներ կարող եք գտնել travel.state.gov կայքում: