29/04/2015 15:47
Թուրքագետ. Ինչքան հակադեմոկրատական առաջնորդ կար՝ ի դեմս Ալիևի, հավաքվել գնացել էին Թուրքիա
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվեցին շատ բարձր մակարդակով և լիովին ստվերեցին Թուրքիայում անցկացվող Գալիպոլիի միջոցառումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Անգամ իրենց հայտնի լրագրողներից մեկը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ինչքան հակադեմոկրատական առաջնորդ կար՝ ի դեմս Ալիևի, հավաքվել գնացել էին Թուրքիա»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով՝ 100-րդ տարելիցի միջոցառումներն այսքան շատ արձագանքներ ստացան, քանի որ դրանց նախորդեցին մի շարք կարևոր միջոցառումներ:
«Մասնավորապես՝ Հռոմի պապի հայտարարությունը Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով որոշ գերտերությունների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելուն՝ Հակոբ Չաքրյանը կարծիք հայտնեց, որ իրականում դա ոչ թե Թուրքիայի ճնշումների արդյունք է, այլ՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու հետևանք.
«Օրինակ ԱՄՆ-ն աշխարհին ուղղություն տվող միակ լիարժեք գերտերությունն է ու ճանաչման դեպքում հետագայում ստանձնելու է նաև հետևանքների վերացման պատասխանատվությունը: Կարծում եմ՝ սա է, որ ձգձգում է ճանաչումը»,- բացատրեց թուրքագետը: