29/04/2015 16:29
Նախարար. «Մեծամոր» արգելոց-թանգարանը շենքային պայմանների արդիականացման կարիք ունի
«Մեծամոր» արգելոց թանգարանը շենքային պայմանների բարելավման ու ցուցադրության արդիականացման կարիք ունի: Այս մասին ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ աշխատանքային այցով «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում լինելու ժամանակ: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարի խոսքով, արգելոց-թանգարանը ցուցադրության հարուստ նյութ ունի, ինչը պետք է անպայման հասու դարձնել այցելուներին:
ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը ներկայացնելով գործող ցուցադրությունը նշել է, որ հուշարձանի տարածքից պեղված առարկաները վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին, ներկայացված են նաև հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը, իսկ հատուկ զետեղարանում՝ ուշ բրոնզե դարի և վաղ երկաթե դարաշրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ: Նախարարը ծանոթացել է նաև մշակման փուլում գտնվող և ժամանակավոր ցուցադրությունների սրահում պահվող գտածոներին, որոնք հայտնաբերվել են հուշարձանի տարածքում հայ-լեհական արշավախմբի կողմից անցած տարի իրականացված պեղումերի արդյունքում: Նախարարին ներկայացվել են խնդիրները, որոնց լուծումը կնպաստի զբոսաշրջիկների առավել ակտիվ հոսքին, մասնավորապես՝ դեպի թանգարան տանող ճանապարհի նորոգումը:
Այս տարի լրանում է հուշարձանի տարածքում պեղման աշխատանքներ սկսելու 50 և թանգարանի հիմնադրան 45 ամյակը: