30/04/2015 14:09
Շուշաննա Թովմասյանը՝ Մկոյի մասին. Ես հպարտ եմ, որ նման մարդու հետ եմ աշխատում
Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է, ում հանդիպում ենք «Տնփեսա» սիթքոմում՝ Անուշիկի կերպարում: Նախագծի ավարտի, ձեռք բերած ընկերների, տարաբնույթ կերպարների նաև անձնական կյանքի մասին մանրամասն՝ հարցազրույցում:
-Շարունակվո՞ւմ են Տնփեսա սիթքոմի նկարահանումները:
-Այո, այժմ զբաղված եմ վերջին նկարահանումներով, շուտով կավարտենք 4-րդ եթերաշրջանը: Հունիսի 1-ից կսկսվեն դասերս:
-Սպասվող աշխատանքային պարապուրդը Ձեզ արդեն անհանգստացնո՞ւմ է:
-Սա ինձ համար աշխատանք է, որին ես սիրով եմ գալիս: Երբ որևէ նախագծում երկար ժամանակ ներգրավված ես լինում, ավարտին մոտենալու ժամանակ հուզվում ես, կարոտ զգում: Ավարտից հետո մի քանի օր նույնիսկ դատարկություն ես զգում: Բայց ասեմ, որ հեշտ չէ անմիջապես նոր նախագծի անցնելը, կերպար կերտելը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դուրս գաս նախորդ կերպարից:
-Իսկ «Տնփեսան» նոր եթերաշրջան կունենա՞:
-Ոչ, սա վերջին եթերաշրջանն է:
-Արդեն իսկ այլ նախագծի առաջարկ ունե՞ք:
-Հնարավոր է, շուտով հանդիպենք, բայց փակագծեր չեմ կարող բացել:
-Կարոտո՞ւմ եք արդեն «Տնփեսայի» նկարահանման հրապարակը:
-Այո, շատ: Հատկապես, որ գիտեմ՝ մի քանի սերիա է մնացել նկարահանենք, շատ եմ հուզվում: Երբ մթնոլորտը ջերմ է լինում, բոլորի հետ մերված ես լինում, ավելի է նպաստում՝ կարոտ զգաս, նույնիսկ՝ ափսոսաս:
-Շուշանիկ, սիթքոմն ավարտելու հանգամանքը, ըստ Ձեզ, կապված էր ասելիքի սպառմա՞ն, թե այն որոշ խոսակցությունների հետ, որ դիտարժանությունը կորցրել է, լավ սկսվելով հանդերձ՝ անկում է ապրում:
-Խոսակցությունները նորմալ են, ամեն տեղ էլ առկա են: Բնական է, որ յուրաքանչյուր եթերաշրջան կարող է տարբեր կերպ ընդունվել. մեկն առավել կարող է սիրվել, մյուսը՝ ոչ այնքան: Բայց ես կարծում եմ, որ ավարտում ենք այն պատճառով, որ պրոյեկտը հասավ հանգուցալուծմանը: Տարբեր փուլեր հաղթահարելով՝ հասանք վերջաբանին:
-Նախագծից ո՞ւմ հետ առավել մտերմացաք:
-Բոլորին շատ սիրում եմ ու արդեն սկսում եմ կարոտել, բայց ամենամտերիմը Մկրտիչ Արզումանյանի հետ եմ:
-Դուք նաև հարևաններ եք, ժամանակին նույնպե՞ս մտերիմ եք եղել, թե նախագիծը ձեզ մտերմացրեց:
-Այս միջոցով առավել մտերմացանք: Այլ բան է՝ լինել հարևաններ, այլ բան՝ միասին աշխատել, լինել նույն միջավայրում:
-Մկոյի հետ դժվար չէ՞ աշխատել:
-Բացարձակ դժվար չէ, ընդհակառակը, նա շատ է օգնում, իր հետ աշխատելը հաճելի է: Ես հպարտ եմ, որ նման մարդու հետ եմ աշխատում: Դրական անձնավորություն է, ումից շատ բան կարող ես սովորել:
-Հետագայում ձեր համագործակցությունը կշարունակվի՞:
-Կարծում եմ, դա ժամանակը ցույց կտա: Եթե ինչ-որ նախագիծ լինի, որում անհրաժեշտ կլինի իմ ներկայությունը, կհամապատասխանեմ այս կամ այն կերպարին, ինչո՞ւ ոչ հնարավոր է:
-Ձեզ հանդիպեցինք և՛ լալկան, դրամատիկ կերպարում, և՛ հումորային ժանրում: Ո՞րն էր Ձեզ առավել հոգեհարազատ, և կա՞ մի կերպար, որում կցանկանաք Ձեզ հետագայում փորձել:
-Ես միշտ ցանկացել եմ միմյանցից տարբերվող կերպարներում հանդես գալ, որպեսզի և՛ ինձ համար հետաքրքիր լինի, և՛ հանդիսատեսն ինձ տարբեր իրավիճակներում տեսնի: Հենց դա էր պատճառը, որ ես սիրով համաձայնեցի «Տնփեսա»-յում նկարահանվել: Իսկ թե որն է ինձ ավելի հոգեհարազատ, ապա ասեմ, որ և՛ «Դժվար ապրուստ»-ի Էլենի, և՛ «Տնփեսա»-յի Անուշիկի մեջ փորձեցի ինքս ինձ գտնել: Հիմա նորից պետք է փորձեմ անել մի բան, որը մինչ այս չեմ արել: Առաջարկների դեպքում այս հարցում ես շատ զգոն եմ, նախընտրում եմ, որ հաջորդ դերս դետալային որոշ փոփոխություններ ունենա իր մեջ ու չնմանվի նախորդներին: Ինձ համար պետք է իմ կերպարը հետաքրքիր լինի, որպեսզի ես էլ հետաքրքրությամբ մատուցեմ հեռուստադիտողին:
-Իսկ առաջարկների ֆինանսական կողմին ուշադրություն դարձնո՞ւմ եք:
-Դա ևս կարևոր է, բայց ինձ համար առաջնային հարց չէ: Առավել կարևորում եմ, որ պրոյեկտը, որում ընդգրկվում եմ, հետաքրքիր լինի: Չէ՞ որ էկրաններին ես երևում, չես ցանկանա անհետաքրքիր և ոչինչ չասող նախագծում հայտնվել:
-Մեր զրույցի ընթացքում նշեցիք, որ պատրաստվում եք դասերին. որտե՞ղ եք սովորում:
-Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի եմ:
-Հնարավո՞ր է, Ձեզ հետագայում հանդիպենք որպես ռեժիսոր:
-Միգուցե, չգիտեմ: Բայց գտնում եմ, որպեսզի քո ձեռնարկներում, գործերի մեջ հետաքրքիր լինես, պետք է ամեն ինչից մի-քիչ, մի-քիչ գաղափար ունենաս՝ կլինի դա օպերատորություն, ռեժիսուրա: Այն ամենն, ինչ կապված է նկարահանելու և նկարահանվելու հետ, փոխկապակցված են ու վստահություն են ներշնչում:
-Շուշանիկ, կարծեք թե հաջողում է որոշ չափով զերծ մնալ բամբասանքներից: Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր մասին տարածվող ասեկոսեներին:
-Բամբասանքը միշտ եղել է ու կլինի: Հանրային մարդկանց պարագայում այն առավել արտացոլված է, քանի որ ճանաչում են բոլորը: Սուտ կլինի, եթե ասեմ, որ իմ մասին խոսակցություններ չկան, որոշ բաներ ականջիս հասնում են: Թեև, իսկապես, շատ տարածված չեն, չգիտեմ, թե հետո ինչ կլինի:
-Ձեր երկրպագուներից շատերին հավանաբար կհետաքրքրի՝ սիրահարվա՞ծ եք:
-Ոչ, սիրահարված չեմ, դեռևս այդ մեկը չկա:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի:
-Պետք է լինի մարդ, ով կսիրի սրտանց, կգնահատի և ուշադիր կլինի: Այս հատկությունները կարևոր են ու արժեքավոր, հարաբերությունները հենց այստեղից են ձևավորվում: Իսկ արտաքինը, աշխատանքը մանր հարցեր են: Եթե կարևոր հատկանիշները բացակայում են, ապա մնացածի մասին խոսելն անիմաստ է: