30/04/2015 16:29
«Կանանց քարավանները» գրոհում են գյուղերը. Ինչպե՞ս են իսպանուհիները ամուսին փնտրում
Հանգստյան օրերին իսպանական խոշոր քաղաքներից դեպի գյուղական համայնքներ ուղևորվում են այսպես կոչված «կանանց քարավանները»՝ կանանցով լի ավտոբուսներ, որոնք ցանկանում են ամուսին գտնել: Քաղաքներից հեռու տեղակայված համայնքները վերջին տարիներին դատարկվել են և հիմնականում այստեղ մնացել են տղամարդիկ: Իսկ ահա մեծ քաղաքներում բնակչության գերակշիռ հատվածը կազմում են կանայք, այն էլ՝ միայնակ: Հենց այստեղից էլ դեռ 80-ական թվականներին ծնվել է նման նախաձեռնություն՝ փոխել ու կարգավորել դեմոգրաֆիական իրավիճակը՝ կազմակերպելով ծանոթություն գյուղաբնակ միայնակ տղամարդկանց և միայնակ քաղաքաբնակ կանանց միջև:
Նախաձեռնությունն էլ ստացավ «կանանց քարավան» անվանումը, որի կազմակերպմամբ զբաղվում են մի շարք հասարակական կազմակերպություններ:
«DW»-ն գրում է, որ առաջին «կանանց քարավանը» իրականություն է դարձել 1985թ-ին իսպանական Պլան լեռնային գյուղի ղեկավարի առաջարկով: Գյուղապետը մեկնել է Մադրիդ՝ իր հետ տանելով շուրջ 50 կնոջ և առաջին այդ այցը ավելի քան հաջողակ է եղել՝ գյուղում 33 հարսանիք եղավ:
Քարավանները կազմակերպվում են ամիսը մի քանի անգամ, դրանցում մասնակցություն կարող են ունենալ միայն 30-60 տարեկան կանայք: Օրինակ, Մադրիդում գործող ՀԿ-ներից մեկում գրանցված է հազարից ավելի կին, որոնց թվում միայն իսպանուհիներ ու լատինուհիներ չեն, այլ ազգեր էլ կան՝ ռուսներ, ուկրաինուհիներ: Գլխավոր նախապայմանը՝ կազմակերպությունում գրանցվում են միայն չամուսնացած կանայք:
Արդյունքն էլ տպավորիչ է՝ շուրջ 200 ամուսնություն կազմակերպել է միայն այդ մի ՀԿ-ն, իսկ այդպիսիք, հիշեցնում է աղբյուրը, Իսպանիայում բազմաթիվ են: