01/05/2015 17:23
Արտաշես Ալեքսանյան. Կյանքում ոչինչ հեշտ չի լինում
Վերջերս ավարտվեց գրեթե երկու տարի «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս նաև դերասան Արտաշես Ալեքսանյանը: Նա այն արտիստներից է, ով երբեք պարապ չի մնում, այդ իսկ պատճառով Aysor.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է այսօր զբաղված, ի՞նչ նոր առաջարկներ ունի: «Մի քանի գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, սակայն դեռևս քննարկման փուլում են: Խոսքս ոչ միայն հայկական կինոարտադրության մասին է: Սակայն փակագծեր դեռևս չեմ բացի, սիրում եմ անակնկալներ մատուցել: Այնպես որ, թող սա էլ անակնկալ մնա հանդիսատեսի համար»,- պատասխանեց Ա. Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է սերիալային զբաղվածությանը, ապա մեր զրուցակիցը նշեց, որ դեռևս նոր առաջարկներ չկան, ինքն էլ առիթից օգտվելով՝ հանգստանում է: Թեև, ամեն պահի պատրաստ է մթնոլորտը գործնականի փոխելուն. «Ես երբեք չեմ ասում, որ երկար աշխատելուց հետո պետք է հանգստանամ: Դա նույնն է, երբ բժշկի մոտ հիվանդի բերեն և նա պատասխանի. «Գիտեք, ես արդեն ձանձրացել եմ իմ մասնագիտությունից: Նախորդ ամիս էլ էի հիվանդ բուժում, որոշել եմ հանգստանալ»: Նման բան չի կարող լինել, սա մեր մասնագիտությունն է, որից ձանձրանալ չի կարելի»:
Արտաշես Ալեքսանյանը սերիալները համարում է մարզավիճակին հետևելու ամենաարդյունավետ միջոցը. «Յուրաքանչյուր երկիր ունի ֆուտբոլի հավաքական և ակումբներ: Ֆուտբոլիստները մարզվում են ակումբներում, որպեսզի հետագայում հավաքականի կազմում հանդես գան աշխարհի խաղերում: Սերիալն էլ այս ոլորտի ակումբն է, որտեղ մենք միշտ ֆորմայի մեջ ենք մնում»:
Դերասանը հավաստիացրեց, որ սերիալն ինքնին վատ բան չէ, պարզապես ֆորմատային անունն է այդպես: Այնտեղ էլ խաղում են նույն պրոֆեսիոնալ դերասանները, նկարահանում է պրոֆեսիոնալ անձնակազմը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ոչ պրոֆեսիոնալ խաղընկերների ներգրավվածությանը սերիալներում և արդյո՞ք դժվար չէ իրենց հետ, Aysor.am-ի զրուցակիցն ասաց. «Իմ նկարահանված սերիալներում հազվադեպ եմ տեսարաններ ունեցել ոչ պրոֆեսիոնալների հետ: Իհարկե, դժվար կլինի, կյանքում ոչինչ հեշտ չի լինում: Մեր մասնագիտության գաղտնիքներից մեկը համբերատարությունն է»: