01/05/2015 16:23
Ես տարիքով մեծ կնոջ հետ չէի շփվի ու կապի մեջ չէի մտնի. Բեն Ավետիսյան
Հեռուստակրաններին հայտնվող յուրաքանչյուր անհատ իր խաղի, նաև հմայքի շնորհիվ կամ ընդունվում, կամ մերժվում է հեռուստադիտողի կողմից: Երիտասարդ դերասան Բեն Ավետիսյանն, ով առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սիրո գերին» հեռուստասերիալից, կարողացավ հաղթահարել դժվարությունն ու գրավել հեռուստադիտողի ուշադրությունն ու սիրտը: Aysor.am-ի հետ զրույցում նա անկեղծ էր իր բոլոր պատասխաններում:
-Շատերը վստահ են, որ մասնագիտությամբ մոդել եք: Իրականում, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Իսկապես, ինձ հաճախ են հարցնում՝ զբաղվո՞ւմ եմ արդյոք մոդելային գործով: Բայց երբեք մոդելային գործունեություն չեմ ծավալել: Իրականում, երևի թե մոդելի տվյալներ չունեմ էլ: Ես մասնագիտությամբ դերասան-հաղորդավար եմ, հաջորդ տարի կավարտեմ Թատերական ինստիտուտը:
-«Սիրո գերին» Ձեր մասնակցությամբ առաջի՞ն հեռուստասերիալն է:
-Ոչ, մինչ այդ մոտ մեկ ամիս նկարահանվել եմ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, այնուհետև գեղարվեստական ֆիլմում, տեսահոլովակում, գովազդներում:
-Իսկ սերիալային նոր առաջարկներ չունե՞ք:
-Առաջարկներ շատ ունեմ, սակայն մերժում եմ, քանի որ «Շանթ» հեռուստաընկերության հետ պայմանագիր ունեմ, որը կավարտվի հեռուստասերիալի ավարտվելուն պես: Սակայն գովազդներում, տեսահոլովակներում կամ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու խնդիր, արգելք չունեմ:
-Սերիալում Ձեր մարմնավորած կերպարը՝ Էրիկը, որքանո՞վ է նման ու տարբեր Բենից:
-Նմանով ենք այնքանով, որ երկուսս էլ բարի ենք, փորձում ենք օգնել նրանց, ում սիրում ենք: Բայց տարբերվում ենք նրանով, որ կերպարս ավելի զուսպ ու համբերատար է: Նաև, ի վերջո, ես տարիքով մեծ կնոջ հետ չէի շփվի ու կապի մեջ չէի մտնի, ինչն անում էր Էրիկը:
-Գործնական հարաբերությունները հաճախ վերածվում են ընկերականի: Ո՞ւմ հետ եք մտերիմ սերիալից:
-Մոտ եմ Հայկ Հովհաննիսյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ… Ընդհանրապես, շփումս բոլորի հետ շատ լավ է, մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Պարզապես այն անունները շեշտեցի, որոնց հետ սերիալից դուրս տեսնվում ենք, ժամանակ անցկացնում:
-Բեն, դերասանի համար առաջին քայլերը, մեծամասամբ, սկսվում են բեմից: Անցե՞լ եք այդ ճանապարհով:
-Համաձայն եմ, բեմը դերասանի համար այն անհրաժեշտ հարթակն է, որտեղ պետք է այդ աշխարհում քայլել սովորես, հասկանում ես՝ որտեղից ես եկել և ուր ես գնում: Բեմի հետ իմ առաջին քայլերը սկսել եմ առաջին կուրսից: Ըստ իս, յուրաքանչյուր մարդ, ով թատերական կրթություն ունի, իր գործունեությունը բեմից էլ սկսում է: Թեև, կան «դերասաններ», ովքեր ունենալով բոլորովին ուրիշ մասնագիտություն կամ ընդհանրապես մասնագիտություն չունենալով՝ մեկ նախագծում նկարահանվելով, իրենց համարում են դերասան: Նման մարդիկ մեր օրերում հաճախ են հանդիպում:
-Այսօր որևէ թատրոնում աշխատո՞ւմ եք:
-Ոչ, որևէ թատրոնում հաստատված չեմ, բայց խաղացել և խաղում եմ մի քանի թատրոններում: Հիմնականում, Համազգային թատրոնի բեմում եմ լինում:
-Կինոխցիկի առջև առաջին անգամ հայտնվել եք «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի նկարահանման հրապարակում: Շա՞տ դժվարություններ հաղթահարեցիք:
-Դժվարություններ եղել են և միշտ կլինեն: Կերպարը ճիշտ հասկանալն ու ընկալելը գործի գրեթե 90 տոկոսն է, մնացածն արդեն ժամանակի ընթացքում յուրացնում ես:
-Երիտասարդ դերասանի հիմնական հետաքրքրությունները բեմից կամ նկարահանման հրապարակից դուրս, որո՞նք են:
-Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ՝ առողջ ու տրամադրող մթնոլորտում: Աշխատանքից դուրս սիրում եմ լինել ուրիշ մարդ, տարանջատել գործունեությունս ու կյանքս: Երբեմն դերասանի կյանքում դերասանությունն այնքան շատ է լինում, որ աշխատանքն ու անձնական կյանքը խառնվում են իրար: Սիրում եմ միայնակ զբոսնել, կամ՝ շանս հետ: Նաև հաճախում եմ ֆիտնես ակումբ:
-Նպատակասլա՞ց եք:
-Այո, ինձ համարում եմ նպատակասլաց: Չեմ սիրում «դոփել» տեղում, ոչինչ չանելով հանդերձ՝ բողոքել: Ունե՞ս նպատակ, իրականացրու այն:
-Իսկ ի՞նչ նպատակներ ունեք: Ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը:
-Շատ նպատակներ ունեմ՝ կապված թե աշխատանքի, թե անձնական կյանքի հետ: Ամեն օր մի նոր նպատակ է ավելանում: Չեմ կարող ասել, որ երազանքներ ունեմ: Երազանքները չեն կատարվում, դրանք երազկոտ մարդկանց համար են, իսկ ես ինձ նպատակասլաց եմ համարում:
-Բեն, աղջիկները սիրում են գեղեցիկ տղաներին պահել իրենց շրջապատում: Նման կարգավիճակո՞ւմ եք:
-Չգիտեմ, արդյո՞ք հնարավոր է ինձ որևէ տեղում պահել (ծիծաղում է): Այ հենց դրա համար էլ համաձայն չեմ լինի, որ աղջիկներն ինձ իրենց շրջապատում են պահում: Բայց եթե ցանկություն եմ ունենում գեղեցիկ աղջիկների շրջապատում հայտնվել և այդ ցանկությունը երկկողմանի է լինում, ապա անպայման հայտնվում եմ:
-Հավատո՞ւմ եք աղջիկ-տղա զուտ ընկերական հարաբերություններին:
-Իհարկե հավատում եմ, բայց այն դեպքում, երբ հասկանում ես, թե ինչ է նշանակում ընկերություն և գիտակցում ես դրա դժվարությունները: Ինձ թվում է, ընկերն արական կամ իգական սեռ չունի: Կարևորը հարաբերությունների մաքրությունն է, անկեղծությունը:
-Երբևէ սիրային եռանկյունու մեջ հայտնվե՞լ եք:
-Ոչ, չեմ հայտնվել:
-Ձեր երկրպագուներին կհետաքրքրի՝ սիրահարվա՞ծ եք:
-(ժպտում է) Իմ սիրտը, ցավոք սրտի, ազատ է:
-Տարօրինակ է, քանի որ տեսանելի երիտասարդ եք: Գուցե հենց դա էլ խանգարո՞ւմ է. ուշադրության պակաս չունեք, չեք ցանկանում կապանքներ ձեռք բերել:
-Մենակությանս պատճառը երևի այն է, որ չկա դեռ այն մեկը, ով կլրացնի իմ մեջ եղած բոլոր պակասները, ով կսիրի և ում ես կսիրեմ: Իսկ Ձեր ասած ուշադրությունն իմ անձի նկատմամբ չի, այլ իմ խաղացած կերպարի: Խնդիրն այն է, որ ինձ չեն ճանաչում և իմ կերպարով են ընդունում: Չնայած, դա խնդիր չէ. ամեն մարդ ամեն ինչի համար ի վերուստ կանխորոշած ժամանակ ունի, նաև սիրելու:
-Իսկ հաճա՞խ եք սիրահարվում:
-Փոքր տարիքում էի հաճախ սիրահարվում, այժմ՝ ոչ: Երևի թե տարիքի հետ այդ հարցերում ևս հասունանում ես:
-Կհիշե՞ք Ձեր առաջին սերը:
-Ռուսաստանում է եղել, մի փոքրիկ ռուս աղջկա էի սիրահարվել… Մինչև 15 տարեկան դառնալս անընդհատ սիրահարված էի, շատ հաճախ էի սիրահարվում (ծիծաղում է):
-Ռուսաստանո՞ւմ եք մեծացել:
-10 տարի ապրել եմ այնտեղ:
-Ի՞նչ խենթությունների եք պատրաստ հանուն սիրած անձնավորության:
-Հանուն սիրած մարդու պատրաստ եմ առողջ և խելքին մոտ խենթությունների: Ինքս բնավորությամբ մի քիչ խենթ եմ:
-Իսկ նման խենթություններ արե՞լ եք:
-Գիտեք, այն, ինչ եղել է իմ կյանքում, հիշարժան խենթություն չի եղել, որի մասին անընդհատ կհիշեմ: Երևի թե այդ օրն էլ կգա:
-Ասում են, առաջինը սիրահարվում են մարդու աչքերը. կա՞ն չափանիշներ, որով սիրո հարցում առաջնորդվում եք:
-Իհարկե, չափանիշներ կան, բայց երբեմն, երբ սիրահարվում ես, չես էլ նկատում դրանց բացակայությունը:
-Բայց կնշե՞ք Ձեր նախընտրած կանացի չափանիշները:
-Ինձ դուր են գալիս արտաքնապես ավելի նուրբ, ոչ շատ բարձրահասակ աղջիկները: Նաև սիրում եմ, որ խարտյաշ են լինում: Բայց կարևոր է նաև ներքին գեղեցկությունը. Աղջիկը պետք է կրթված լինի, տգետ չլինի, հետաքրքրասեր և հետաքրքիր անձնավորություն լինի: Լինի խենթ և համեստ, ունենա չափի զգացողություն:
-Հնարավո՞ր է միաժամանակ լինել և խենթ, և համեստ:
-Այո: Լինել խենթ, նշանակում է կյանքում միապաղաղ և հոգնեցնող չլինել: Իսկ համեստ մարդն ինձ համար նա է, ով ունի չափի զգացողություն, հարգանք դիմացինի նկատմամբ:
-Ասում են, դիմացինից պետք է պահանջես այն, ինչի կրողն ինքդ ես. Դուք Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:
-Այո, ես այդպիսի մարդ եմ. խենթ, ով նաև շատ համեստ է (ժպտում է):
-Հավանաբար արդեն հասցրել եք բամբասանքների միջով անցնել: Դա բարկացնո՞ւմ է Ձեզ, թե անտարբեր եք:
-Իհարկե, եղել են ու կան անիմաստ խոսակցություններ, որոնք երբեմն բարկացնում են: Բամբասանքները հիմնականում գործունեությանն են վերաբերում: Բնական է, որ քո աշխատանքը չի կարող բոլորին դուր գալ: Միայն չեմ սիրում, որ այդ խոսակցությունները, բամբասանքները գործունեությունից անցում են կատարում դեպի անձնական կյանք:
-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Շատ բարի և շատ ուշադիր եմ: Երբեմն տաքարյուն եմ, երբեմն հանգիստ… Մի խոսքով, ընկերասեր, նորմալ մարդ եմ (ժպտում է):
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ընտանիքս բաղկացած է արդեն 6 հոգուց. հայրս, մայրս, ես, եղբայրս, նրա կինը և աղջիկը, ով շուտով կծնվի… Նորմալ հայկական ավանդական ընտանիք ենք, որտեղ տիրում է սեր ու համերաշխություն: Ի դեպ, նաև շուն ունեմ, որին նույնպես համարում եմ ընտանիքիս անդամ, քանի որ կյանքիս կեսը նրա հետ եմ ապրել: Առհասարակ, կենդանիներ շա՜տ եմ սիրում:
-Ինչպե՞ս են վերաբերում Ձեր մասնագիտական ընտրությանը, գործունեությանը Ձեր ընտանիքի անդամները:
-Ընդունում են աշխատանքս ու ապրելակերպս: Իմ դաստիարակության արդյունքն է, որ կյանքում որոշ ձեռքբերումներ եմ ունենում և, հուսով եմ, դեռ կունենամ: Տանը երբեմն խոսում, քննարկում, կարծիք են հայտնում իմ աշխատանքի, կերպարների, խաղի մասին: