01/05/2015 12:48
Գնալ համե՞րգ, թե՞ կրկես. Որտեղ անցկացնել մայիսյան տոները
Եվ այսպես, մեզ սպասվում է երեք հանգստան օր, որը պետք է անցկացնել ըստ արժանվույն: Բոլոր նրանց, ովքեր չեն ծրագրեր այս լավ եղանակին Երևանից դուրս գնալ ու բնության գրկում անցկացնել մայիսի 1-2-ը, առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչո՞վ և ինչպե՞ս կարելի է զբաղվել մայրաքաղաքում: Aysor.am-ը ճշտեց, թե ինչ մշակութային միջոցառումներ կան այս օրերին:
Նախ հիշեցնենք, որ նախօրեին Երևանում բացվել է ավանդական դարձած Հնդկական ապրանքների ցուցահանդեսը և քանի դեռ արևելյան ապրանքների սիրահարները չեն հասցրել լավագույն առաջարկները սրբել տաղավարներից, թերևս հարկ է այն այցելել: Թեև դա կհասցնեք անել առաջիկա օրերին էլ ՝ ցուցահանդեսը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում կտևի մինչև մայիսի 10-ը:
Հնդկաստանի շունչը կզգացվի նաև «Դինամո» մարզադահլիճում, որտեղ այսօրվանից մինչև մայիսի 3-ը կտրվի միջազգային կրկեսային ներկայացում: Ծրագրում են Հնդկաստանի էկզոտիկ պարեր, Նեոնային շոու «Fire Magic» թատրոնի կողմից ( Մոսկվա), օդային մարմնամարզիկներ Բելառուսից, Սանկտ- Պետերբուրգի «Лицедеи» թատրոնի ծաղրածուներ, վարժեցրած շներ, աղավնիներ և այլն: Երևանցիներին, որոնք սիրում են կրկեսը, բայց հասկանալի պատճառով զուրկ են մնացել այն վայելելուց, անշուշտ կուրախացնի այս ներկայացումը:
«Նարեկացի» արվեստի միությունում այսօր` ժամը 18:00- ին կկայանա Քանաքեռավանի Արվեստի դպրոցի սաների «Հրաժեշտից առաջ» խորագրով ավարտական համերգը, որի ընթացքում աշակերտները կներկայացնեն իրենց տարիների աշխատանքն ու ձեռքբերումները: Սաները կնվագեն ինչպես հայ ազգային, այնպես էլ համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործություններ դասական և ազգային նվագարաններով, ինչպես քամանչա, դհոլ, ուդ, տմբլակ, դաշնամուր, կիթառ և այլն: Մուտքն ազատ է:
Հանգստյան օրերին երևանյան թատրոնները ևս առաջարկներ ունեն հանդիսատեսին: Այդպես, Համազգային պետական թատրոնի բեմում կարելի է դիտել «Ա~խ, կանայք, կանայք» կատակերգությունը. խոստանում են, որ ծիծաղից անգամ արտասվելու եք, այնպես որ չմոռանաք թաշկինակները:
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ևս կատակերգություն է՝ «12- րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում»: Իսկ երևանցիների ամենասիրելի Կամերային թատրոնում դարձյալ «Կառավարական համերգն է» հրավիրում լիցքաթափվելու:
Մայիսի 1-ը կուրախացնի նաև Արտո Թունջբոյաջյանի և Արմենիան Նեյվի բենդի սիրահարներին: Նրանց կարելի է ունկնդրել այսօր ու նաև մայիսի 3-ին KAMI ակումբում: Համերգները նվիրված են Ջազի միջազգային օրվան:
Մաղթում ենք անմոռանալի հանգստյան օրեր: