02/05/2015 18:00
ԼՂՀ ԿԸՀ նախագահ. Այս ընտրությունների դեպքում էլ, նախորդների համեմատ, մեկ քայլ առաջ կգրանցնեք
Վստահաբար կարող ենք փատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող յուրաքանչյուր ընտրություն նախորդի համեմատությամբ առավել դրական տեսք է ունենում: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Անդրադառնալով վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին` նա նախ և առաջ շնորհակալություն հայտնեց Արցախ ժամանած միջազգային և տեղական դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին` ընդգծելով, որ տարեցտարի հենց դիտորդների կողմից արված նկատառումները հաշվի առնելով Արցախում անցկացվում են առավել լավ ընտրությունները:
Սրբուհի Արզումանյանը նշեց, որ այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Մասնավորապես` փոխվել է Ազգային Ժողովում մեծամասնական և համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների համամասնությունը.
«Հիմա ընդհանուր 33 մանդատից 22-ը կլինեն համամասնական, իսկ 11-ը` մեծամասնական»,- ասաց ԼՂՀ ԿՀԸ նախագահը:
Մյուս փոփոխություններից Սրբուհի Արզումանյանն առանձնացրեց այն, որ ԱԺ-ում կբարձրացվի կին պատգամավորների դերը.
«Եթե տոկոսային առումով նշեմ, պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ առաջադրված թեկնածուների 22.2%-ը կանայք են»:
Բացի այդ այս ընտրությունների ժամանակ կստեղծվեն հնարավորություններ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց ընտրական իրավունքն իրացնելու համար:
«Ընտրություններն առավել արդար դարձնելու համար մենք որոշել ենք նաև 4 ժամով երկարացնել դրանց արդյունքների բողոքարկման ժամկետը»,- ասաց Սրբուհի Արզումանյանը:
Նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի` արդար, ժողովրդավարական ճանապարհով:
«Հավատացած եմ, որ այս ընտրությունների դեպքում էլ, մենք նախորդների համեմատ մեկ քայլ առաջ կգրանցնեք»,- ամփոփեց Սրբուհի Արզումանյանը:
Նշենք, որ այսօր Արցախում լռության օր է: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն վաղը` ԱԺ 33 մանդատի համար կպայքարի 7 կուսակցություն և մեծամասնական ընտրակարգով առաջադրված 42 թեկնածու: