03/05/2015 20:07
Արցախի խորհրդարանական ընտրություններն ավարտված են. Հաշվարկը՝ սկսված
Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններն ավարտված են. Րոպեներ առաջ՝ 20.00-ին, Արցախում, ինչպես նաև Երևանում՝ ԼՂՀ ներկայացուցչությունում բացված բոլոր 279 ընտրատեղամասերը փակեցին դռները: Ձայների հաշվարկը սկսված է:
Քիչ անց, Արցախի ԿԸՀ-ն կներկայացնի հաշվարկված ձայների նախնական բաշխվածությունը:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկեցին երկրի 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրելու իրավունք ուներ 101 հազար 653 ընտրող:
Նշենք, որ ժամը 17.00-ի տվյալներով իրենց քաղաքացիական պարտքն արդեն կատարել էր 62.859 մարդ կամ ընտրողների ավելի քան 61 տոկոսը:
Ընտրապայքարն ընթանում է ԼՂՀ ԱԺ 33 մանդատի համար, ընդ որում դրանից 22-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ մյուս 11-ը` մեծամասնականով:
Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն` «Ազատ հայրենիք», որի համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազգային վերածնունդ»` կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ, Արցախի ժողովրդավարական կուսակցություն` ԼՂՀ ԱԺ ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ԼՂ Կոմունիստական կուսակցություն` Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ, «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն` Գարիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ և «Շարժում 88» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ:
Արցախյան ընտրությունների ընթացքին հետևեց 100-ից ավելի արտասահմանցի դիտորդ, այդ թվում` Բունդեսթագի պատգամավորներ, ներկայացուցիչներ ԵՄ մյուս երկրներից ու ԱՄՆ-ից: