03/05/2015 08:42
Շավարշ Քոչարյան. Ամեն այսպիսի ընտրություն ֆիքսում է տարբերությունն Արցախի ու դիկտատորական Ադրբեջանի միջև
Ամեն այսպիսի ընտրություն ֆիքսում է այն բացահայտ տարբերությունը, որը կա Արցախի և լիարժեք ավտորիտար, դիկտատորական Ադրբեջանի միջև: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով այսօր Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:
«Հենց այս ակնհայտ տարբերությունն է պատճառը, որ Արցախյան ընտրություններն այդքան գրգռում են Ադրբեջանին»,- ասաց փոխարտգործնախարարը` շարունակելով.
«Բոլորս էլ գիտենք Ադրբեջանի հայտնի սև ցուցակների մասին: Այդ ցուցակների իրական, խորքային իմաստն այն է, որ Ադրբեջանի համար լիովին անցանկալի է, որ Ղարաբաղ այցելած մարդիկ հետագայում լինեն Ադրբեջանում և կարողանան համեմատել: Այդ համեմատությունն իրենց համար մահացու է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Ինչպես Արցախից փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, Քոչարյանը դրական գնահատեց 100-ից ավելի արտասահմանցի դիտորդների այցն Արցախ` բացատրելով` որքան շատ մարդիկ իրենց աչքով տեսնեն իրականությունն ու փոխանցեն այն` այդքան լավ Արցախի համար.
«Ընդհանրապես, իմ գնահատականով հիմնական դերակատարումը, որը կարող է փոխել իրավիճակն ու տանել դեպի ԼՂՀ ճանաչում, այսօր կատարում է հենց Ադրբեջանը` իր հայատյացությամբ, սահմանային իրավիճակի սրմամբ: Հիմա եթե դրսում նույնիսկ կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմի մեջ, այսպիսի սադրիչ պահվածքից հետո նրանք ևս համոզվում են` դա անհնար է»:
Հարցին` իսկ անձնական շփումների ընթացքում, ընտրություններին հետևելու համար Արցախ եկած դիտորդներն արդեն կիսվե՞լ են տպավորություններով` փոխարտգործնախարարը պատասխանեց.
«Տարբեր մոտեցումներ ունեն նրանք, բայց հիմնականում այն մարդիկ, ովքեր այստեղ են` ուղղակի հիացած են, որովհետև իրենց համար նման մակարդակով կազմակերպվածությունն անսպասելի էր: Մի բան է լսել` «թեժ գոտի» և մի բան է գալ ու տեսնել իրական կյանքը: Նույնիսկ Եվրոպայի փողոցներում չես հանդիպի այն հանգստությունը, որը կա Արցախի փողոցներում»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը: