03/05/2015 12:18
Արցախի կառավարության համար առաջնային զսպող օղակը ժողովուրդն է. ԼՂՀ վարչապետ
Ես այսօր քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի: Այս մասին Արցախի խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի վարչապետ, այս ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Հարությունյանը: Այս մասին Արցախից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Անդրադառնալով իր կուսակցության հետ կապված ակնկալիքներին՝ վարչապետը նշեց, որ ժամեր հետո ամեն բան պարզ կլինի, ակնկալիքներից խոսելն անիմաստ է:
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Արցախի ԱԺ ընտրությունների ճանաչմանը՝ Արա Հարությունյանն ասաց, որ դա, իհարկե, ցանկալի կլիներ, բայց դա չէ առաջնայինը.
«Այս քայլով, մենք՝ որպես ժողովրդավար պետություն, ձևավորում ենք ևս մեկ պետական մարմին՝ օրենսդիրը: Ինձ համար սա է կարևոր: Ես ասել եմ՝ այս ընտրությունններն ավելի շատ պետք են մեզ ու մեր ժողովրդին»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետի կարծիքով, նոր ձևավորվող խորհրդարանը ավելի լավ զսպող օղակ կլինի՞ կառավարության համար, Արա Հարությունյանը պատասխանեց, որ իրենց համար առաջնային ու կարևոր զսպող օղակը Արցախի ժողովուրդն է:
Նշենք, որ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն այսօր Արցախի խորհրդարանում մեծամասնություն է կազմում: