03/05/2015 14:53
Արկադի Ղուկասյան. Ես Ղարաբաղում եմ ու զբաղված եմ Ղարաբաղի հարցով
Ես հույս ունեմ, որ գնալով Արցախը կդառնա ավելի ժողովրդավարական երկիր և այստեղ անցկացվող ընտրություններն էլ կլինեն օրինակելի: Այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Ստեփանակերտում լրգարողների հետ զորւյցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Արցախից:
Անդրադառնալով այն կարծիքին, թե ժամանակի ընթացքում Արցախում հնարավոր է անցում կատարվի խորհրդարանական կառավարման ձևին` Ա. Ղուկասյանն ասաց.
«Հայաստանում նման գործընթքացներ կան, ու բնական է, որ դրա մասին մտածում են նաև Արցախում: Բայց, կարծում եմ, դեռևս շտապել պետք չէ, տեսնենք թե ինչով կավարտվի այդ ընթացքը Հայաստանում: Ընդհանրապես սա ժողովրդի որոշելիք հարցն է ու Ղուկասյանի կամ Պետրոսյանի կարծիքից չէ կախված: Անձամբ իմ կարծիքը ես կարտահայտեմ մի քիչ ուշ. Կարծում եմ` հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Ա. Ղուկասյան:
Գնահատելով այս տարիների ընթացքում Արցախի զարգացումը՝ նա ընդգծեց, որ երբեք ոչ մի վատ բան չի ասում.
«Նկատած կլինեք` ես երբեք վատ բան չեմ ասում: Գտնում եմ, որ դա կոռեկտ չէ: Իսկ ընդհանուր առմամբ համարում եմ, որ Ղարաբաղը զարգանում է»,- ասաց Արցախի նախկին նախագահը:
Հարցին` հնարավո՞ր է արդյոք նրա վերադարձը քաղաքականություն, Ա. Ղուկասյանը պատասխանեց հարցով.
«Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից: Ձեզ թվում է՝ ես քաղաքականությունից դու՞րս եմ: Հիմա ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով և այն մարդիկ, ովքեր խոսում են, թե Ղուկասյանը Ղարաբաղում չէ, սխալվում են: Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է: Իմ ընտանիքն այստեղ է, իսկ ես և´ Հայաստանում, և´ Ղարաբաղում զբաղվում են Ղարաբաղի հարցով»:
Լրագրողներից մեկն Արկադի Ղուկասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերում Սամվել Բաբայանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, ինչին Ա. Ղուկասյանը պատասխանեց կատակով.
«Հիմա ի՞նչ, դուք սպասում եք, որ ուր որ է կգա՞` հինգ, վեց րոպեից: Ես լուրջ չեմ վերաբերում այդ խոսակցություններին», - ամփոփեց Արցախի նախկին նախագահը: