03/05/2015 09:19
Բունդեսթագի պատգամավոր. Տպավորված եմ Արցախում եղած ժողովրդավարական մոտեցմամբ
Տպավորված եմ ժողովրդավարական այն մոտեցմամբ, որը կա հայկական երկրորդ հանրապետությունում: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի Բունդեսթագի քրիստոնա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերն, ով Արցախում է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով:
«Շատ լավ է, որ ընթանում են նման ընտրություններ սակայն պետք է փաստեմ, որ միայն ժողովրդավարական ընտրություններով պայմանավորված չէ Արցախի միջազգային ճանաչումը»,- ասաց գերմանացի պատգամավորը` բացատրելով, որ ճանաչումը պայմանավորված է այլ պետությունների հետ համագործակցությամբ:
«Պետք է բազմաթիվ բանակցություններ ընթանան այլ երկրների և հատկապես հարևան երկրների հետ: Դա, իհարկե, դժվար հարց է, սակայն շատ անհրաժեշտ»,- ասաց Վայլերը:
Արցախում նա երկրորդ անգամ է, նշում է, որ նախորդ այցելության համեմատությամբ բազմաթիվ դրական փոփոխություններ է տեսնում.
«Կան նոր շինություններ և զգացվում է, որ երկիրը գնում է զարգացման ճանապարհով»,- ասաց պատգամավորը:
Ինչպես Արցախից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, նախօրեին Բունդեսթագի պատգամավորը նաև հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ.
«Մեր առանձնազրույցի ընթացքում ես տեղեկացրել եմ, որ մայիսի 20-ին կկայանա հայ-գերմանական ֆորում, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը և նաև այս ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:
Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին ու խիստ մտահոգված է սահմանային միջադեպերով.
«Հետևում եմ, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմանին: Աչալրջությամբ հետևել եմ խոցված ուղղաթիռի պատմության զարգացումներին: Բացասական եմ գնահատում սահմանային միաջեդեպերն ու կարծում եմ, որ մենք ինչ-որ կերպ պետք է օգնենք և մեր աջակցությունը տրամադրենք, որպեսզի սահմանային լարվածությունը նվազի»,- ասաց Ալբերտ Վայլերը: