03/05/2015 11:00
Բակո Սահակյան. Ընտրությունների միջազգային ճանաչումը մեր առաջնային նպատակը չէ
Քիչ առաջ Արցախի խորհրդարանական ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց Բակո Սահակյանը: Այս մասին Արցախից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Առաջին տիկնոջ հետ ընտրություն կատարելուց հետո Արցախի նախագահն անդրադարձավ այն փաստին, որ աշխարհը հերթական անգամ չի ճանաչել ԼՂՀ ընտրությունները.
«Այն, որ աշխարհը չի ճանաչում մեր ընտրությունները դեռ չի նշանակում, որ մենք հուսահատվելու ենք ու շեղվելու ենք մեր ընտրած ուղուց: Այս տարիների ընթացքում բազմիցս նշել ենք, որ հաստատակամությունը, սկզբունքայնությունն ու վճռականությունն են մեր ուղենիշերը, որոնք օգնում են հաղթահարել եղած դժվարությունները և գնալ դեպի նոր նվաճումներ: Այս ընտրությունները իրենց բնույթով նույնպես այդպիսին են ու անպայման նպաստելու են երկրի առաջընթացին»,- ասաց Բակո Սահակյանը:
Անդրադառնալով խորհրդարանական այս ընտրությունների առանձնահատկությանը՝ Բակո Սահակյանը նշեց, որ դրանց արդյունքում ձևավորվելու է մշտական խորհրդարան.
«Այսինքն՝ մենք ունենալու ենք արհեստավարժ խորհրդարան, և դա նշանակում է, որ պատգամավորները պրոֆեսիոնալ, արհեստավարժ աշխատանք են իրականացնելու»,- ասաց նա:
Արցախի նախագահը նշեց, որ, իհարկե, ԼՂՀ-ն կցանկանար, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչեր այս ընտրությունները.
«Սակայն սա մեր առաջնային նպատակը չէ: Այս ընտրություններից, հիմնականում, շահելու են մեր երիկրը և մեր երկրի քաղաքացիները»,- ասաց Բ. Սահակյանը:
Անդրադառնալով հարցին, իսկ կփոխվի՞ արդյոք խորհրդարանում ուժերի բաշխվածությունը, նախագահ Սահակյանը նշեց, որ այդ մասին հիմա խոսելը կոռեկտ չէ, դրա մասին կարելի կլինի խոսել միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո: