04/05/2015 11:06
Ալիկ Արզումանյան. Արցախի ընտրություններն օրինակելի էին տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի համար
Այս ընտրությունների հետ կապված մենք ունենք միասնական մոտեցում` անկախ մեր քաղաքական կողմնորոշումից ու կուսակցություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ալիկ Արզումանյանը:
«Շատ տպավորված ենք, իսկապես բարձր մակարդակով անցկացված ընտրություններ էին: Նախօրեին մենք եղել ենք մի շարք շրջաններում, խոսել ենք բոլոր կուսակցությունների վստահված անձանց հետ և նրանք մեզ ոչ մի խախտման մասին չեն ահազանգել»,- ասաց Ալիկ Արզումանյանը:
Նա նշեց, որ նախօրեին արցախցիներն ընտրություններին մասնակցում էին բարձր տրամադրությամբ, ինչ վերաբերում է իշխանական ռեսուրսի օգտագործմանը, դա բացառվում էր:
«Այս ընտրություններն իսկապես օրինակելի էին տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Շատ բան պետք է սովորենք մեր Արցախցի եղբայրներից ու քույրերից, թե ինչպես կարելի է այսպիսի որակով` ազատ ու արդար ընտրություններ անցկացնել»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավորը: