03/05/2015 21:52
Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70.6 %-ը
Քիչ առաջ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը վերահաստատեց, որ ժամը 20:00-ի դրությամբ Արցախում և Երևանում փակվել են բոլոր 279 ընտրատեղամասերը: Այս մասին Արցախից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
«Հիմա կարող եմ ասել, որ ընտրողների ընդհանուր թվից՝ 102 034 քաղաքացիներից, այսօր կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 72 039 մարդ: Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70.6 տոկոսը»,- ասաց նա:
Ս. Արզումանյանը առանձին-առանձին ներկայացրեց բոլոր ընտրատեղամասերում ընտրողների մասնակցության տվյալները.
«Մասնավորապես, Երևանում բացված հատուկ ընտրատեղամասում ԼՂՀ 831 քաղաքացիներից իրենց քաղաքացիական պարքը կատարել են 575-ը, այն է՝ ընտրողների ընդհանուր թվի 69.2 %»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահը:
Նա նշեց, որ ընտրական օրվա ողջ ընթացքում ընտրատարածքները չեն ստացել գրավոր դիմում-բողոքներ. «Միայն ԿԸՀ-ում ստացվել է 3 դիմում, որոնցից երկուսի խնդիրը լուծվել է հօգուտ դիմողի, իսկ 1-ը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Ս. Արզումանյանը:
Անդրադառնալով ընտրությունների նախնական արդյունքների՝ նա ասաց, որ դրա մասին խոսել դեռ վաղ է: