04/05/2015 10:28
Հ. Սահակյան. Միջազգային հանրությունը դե ֆակտո ճանաչում է այս ընտրությունները
«Խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անց են կացվել բարձր մակարդակով և կարող եմ հստակ ասել, որ նման ժողովրդավարական գործընթացներ ամեն ճանաչված երկրում չէ, որ տեղի են ունենում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, ով ԱԺ պատվիրակության կազմում այժմ գտնվում է Ստեփանակերտում:
Պատգամավորը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավականին լավ էր պատրաստվել ընտրական գործընթացին, որն անցավ օրենքի տառին համապատասխան: Հ. Սահակյանի խոսքով՝ այստեղ հստակ գիտակցում են ընտրությունների կարևորությունը՝ դիտարկելով այն ևս մեկ քայլ դեպի ժողովրդավարություն.
«Կարծում եմ, որ շատ երկրներ պետք է այս իմաստով օրինակ վերցնեն Արցախից և ավելի քան վստահ եմ, որ եթե Արցախը այս ճանապարհով շարունակի առաջընթացը, ապա սարերի ետևում չէ նրա միջազգային ճանաչումը»,-ընդգծեց ՀՀԿ-ական Սահակյանը:
Ընտրական օրվա կարևորություններից մեկն էլ այն էր, շարունակեց նա, որ, որպես դիտորդ, գործընթացին հետևում էր ավելի քան 100 անձ 25 երկրից, ինչն ուղղակի աննախադեպ հետաքրքրություն է:
«Նման հետաքրքրություն ընտրությունների նկատմամբ չեն ցուցաբերում անգամ ճանաչված պետություններում: Հետևաբար միջազգային հանրությունը դե ֆակտո ճանաչում է այս ընտրությունները»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է այդ նույն միջազգային հանրության արձագանքին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ապա Հ.Սահակյանը հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ այդ արձագանքները որևէ կերպ հարցականի տակ չեն դնում ընտրությունների օրինականությունը, այլ ընդամենն ընդգծվում, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես Արցախի կարգավիճակի վրա ազդող գործոն:
«Ավելին, այդ հայտարարություններում ընդգծվում է Արցախի ժողովրդի իրավունքը որոշել սեփական ապագան, ինչն էլ հարուցեց Բաքվի դժգոհությունը»,- հավելեց Հովհաննես Սահակյանը: