04/05/2015 17:08
Հավատալ է պետք միայն այն խոսքերին, որոնք ասում է կոնկրետ անձը. Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով այսօր նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում` գլամուրային Թինայի կերպարում, իր խոսքերով` իրականում տարբերվում է աղջկա այդ տեսակից: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս խոստովանեց որոշ մանրամասներ անձնական, ընտանեկան, գործնական և ընկերական հարաբերությունների շուրջ:
-Այսօր, բացի սիթքոմից, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք:
-Զբաղված եմ նաև չորս ներկայացումներում, որոնցից երկուսը պրեմիերա են լինելու: Ներկայացումով հրավեր ունենք նաև Կապանի թատրոնից, հավանաբար, մայիսի կեսերին կգնանք:
-Կարծեք թե Կապանի թատրոնում հաճախ եք լինում:
-Այո: Դեռ ուսանող տարիներից համագործակցել ենք Կապանի թատրոնի հետ: Նաև, այնտեղ շատ ընկերներ ունենք, որոնց այցելում ենք: Մեր կուրսի տղաներից դերասան, երգահան Տիգրան Աթայանը Կապանի մշակութային կյանքում բավական մեծ ներդրում ունի և ինքն է մեծամասամբ կազմակերպում մեր այցելությունները:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերի հրավերներ չունե՞ք:
-Վերջերս նկարահանվել եմ «Ես սիրում եմ քեզ, Երևան» գեղարվեստական ֆիլմում, ոը ներկա պահին մոնտաժային փուլում է: Երկու օր առաջ առաջարկ ստացա Պարույր Սևակի բանաստեղծության հիման վրա երգ ձայնագրվել, մասնակցելու են հայ հայտնի մարդիկ: Նկարահանումերը սկսվելու են երկուշաբթի օրը, եթե չեմ սխալվում, կտևի 10-15 օր: Հետաքրքիր նախագիծ է լինելու: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում, այդ պատճառով շատ փակագծեր չեմ կարող բացել: Նաև մեկ գեղարվեստական ֆիլմի հրավեր ունեմ, սակայն այդ մասին ևս չեմ ցանկանում խոսել, քանի որ չգիտեմ` ժամանակն ինչպես կպտտվի:
-Իսկ ի՞նչ կերպարով եք ներկայանալու, դա և՞ս չգիտեք:
-Եթե չեմ սխալվում, մարմնավորելու եմ շոկոլադե բուտիկի վաճառողուհու: Սակայն սցենարին դեռևս չեմ ծանոթացել:
-Անաիս, կարծեք թե Ձեզ հաճախակի է գլամուր աղջկա կերպար վստահվում. «Խոպանի տեսություն» սիթքոմի Թինան գրեթե չի տարբերվում «Քաղաքում» սերիալի Անուշիկից:
-Երբ սիթքոմը նոր էր ծնվում, կերպարները ստեղծվում էի սցենարիստների կողմից, տնօրենն ինձ կանչեց և ասաց` որևէ բան փորձեմ: Առաջինը դրված էր Թինայի կերպարը և ես դա փորձեցի: Ինձ անմիջապես ասացին` բավական է, դա քոնն է… Ի վերջո, ինձ համար շատ հեշտ էր գլամուրային աղջկա դեր խաղալ, քանի որ երեք տարի ամեն օր դրա մեջ եմ եղել: Ճիշտն ասած` ես առավել շատ կցանկանայի այլ կերպար ներկայացնել, թեև, ըստ իս, Թինան շա~տ է տարբերվում Անուշիկից, ինքս էլ դրա համար ամեն ինչ արել եմ: Հավատացեք, հեշտ չէր: Հուսամ, հեռուստադիտողը կզգա մեր տարբերությունը:
-Բայց հեռուստադիտողն ունի բնավորություն` նույնացնել կերպարն ու կերտողին: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ես ընդհանրապես շատ հեռու եմ գլամուր աղջկա տեսակից: Իմ նոր կերպարն ամբողջ օրը բարձրակրունկ կոշիկների վրա է, իսկ ես մեծամասամբ ցածրակրունկ կոշիկներ եմ կրում: Մարդ եմ, ով կարող է քաղաքում սպորտային հագուստով ամեն օր հեծանիվ վարել: Որևէ կապ չունեմ փոքրիկ շնիկներով, սելֆիներ անող աղջկա տեսակի հետ, բայց չեմ էլ ուզում քննադատել նրանց:
-Համեմատության համա՞ր նշեցիք հեծանիվ վարելը, թե՞ իսկապես առողջ ապրելակերպի սիրահար եք:
-Այո, հետևում եմ առողջ ապրելակերպին: Պարտադիր գնում եմ լողի, ազատ ժամանակ անպայման հեծանիվ եմ վարում: Ասեմ, որ իմ լավ ընկերներից մեկն ինձ երկրորդ հեծանիվ է նվիրել, ինչից ավելի եմ ոգևորվել: Մեր քաղաքում կամաց-կամաց զարգանում է հեծանվորդներին հարգելու, զիջելու կուլտուրան: Գուցե շատերը կլուբներում և ռեստորաններում են բավակաություն ստանում, լիցքաթափվում, բայց ես այլ կերպ եմ ապրում: Հատկապես, որ մեր ռեժիմը շատ է տարբերվում մյուսներից, օր է լինում, որ նկարահանման հրապարակում ենք անցկացնում մինչև գիշերվա ժամը 4-ը: Շատ ենք հոգնում, բայց փորձում եմ ամեն կերպ պահել սպորտային վիճակը:
-Որքան հասկացա` ակումբային կյանքի սիրահար չեք:
-Ոչ, ընդհանրապես: Երբեմն ընկերներով առիթների, ծնունդների դեպքում փաբ ենք գնում, մի փոքր պարում, ուրախանում: Եթե նկատել եք, իմ ընկերական շրջապատը գրեթե չի փոխվում, միշտ նույն մարդկանցով եմ շրջապատված: Մեզ փաբային մթոլորտը չի գերում: Մեր հանդիպման հիմնական վայրն իմ տունն է, ինքս էլ սիրում եմ լինել խոհանոցում, համեղ բաներ պատրաստել:
-Իսկապես, նկատել եմ, որ շատ մտերիմ ընկերներ ունեք: Հատկապես տղաների հետ ընկերությունը երբեմն տարաբնույթ խոսակցությունների առիթ է դառնում: Այդ խոսակցությունները Ձեզ չե՞ն անհանգստացնում:
-Նման խոսակցություներ ծավալվում են քոմենթների տեսքով, իսկ ես այլևս քոմենթ չեմ կարդում: Այդեղ շատ են անձնական վիրավորանքները, սխալ մեկնաբանությունները, նեգատիվ աուրան, ինչի մեջ չեմ ցանկանում թաթախվել: Իհարկե, ոչ-ոք չի ցանկանա իր մասին անհարկի խոսակցություններ լսել, բայց եթե անծանոթ մարդն իրեն թույլ է տալիս կնոջ, աղջկա մասին բացասական բաներ գրել, ապա դա… Մի խոսքով, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել: Չի կարելի մարդուն դատել իր կերպարներով կամ հագուստով: Ինձ համար առաջնայինը իմ ընկերների, հարազատների, բարեկամների կարծիքն է` անձնական առումով:
-Անաիս, մարդիկ միևնույն վայրում աշխատելով` երբեմն առավել են մտերմանում: Սիթքոմից ո՞ւմ հետ եք առավել մոտ:
-Բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, հրաշալի թիմում եմ աշխատում: Վաղուց եմ ճանաչում գրեթե բոլորին: Անահիտ Կիրակոսյանի հետ աշխատել ենք նույն նախագծերում: Զառա Սահակյանի հետ ապրել ու դպրոց ենք գնացել Աբովյան քաղաքում, ասեմ ավելին` նույն դասարանում ենք սովորել, մտերիմ ենք եղել դեռ փոքր տարիքից: Ճիշտ է, Զառան հիմա ընտանիք, երեխա ունի, զբաղվածությունն այլ է և այնքան չենք հանդիպում, որքան այն ժամանակ, բայց մեր հարաբերությունները շատ լավ են: Ինձ համար ձեռքբերում էր Անի Պետրոսյանի հետ մտերմությունը, ով իմ մայրիկի կերպարում է հանդես գալիս: Նա փայլող արև է, երբ գալիս է նկարահանման հրապարակ, ժպիտն իմ դեմքից չի իջնում: Այստեղ մթնոլորտը հրաշալի է, քանի որ բոլորն էլ կայացած մարդիկ են, մասնագետներ:
-Ժամանակին խոսակցություններ տարածվեցին Ձեր և Էմիլ Գալստյանի հարաբերությունների մասին: Հետագայում Էմիլի անվան կողքին հայտնվեց Մանանա Գևորգյանի անունը, թեև այսօր նրանք էլ, կարծես, միասին չեն: Այսօր դուք և Մանանան նկարահանվում եք միևնույն սիթքոմում: Բարդ չէ՞ այդ տեսանկյունից, խնդիրներ չե՞ն առաջանում:
-Բոլորովին չեն առաջանում: Աստծուն փառք, շուկայական բամբասկոտ հարաբերությունները արվեստի մեջ այնքան էլ չեն երթափանցել: Հարաբերություններս շատ լավ են նաև Մանանայի հետ: Կարող եմ նորից կրկնել, որ այստեղ աուրան հրաշալի է, ինչը չեմ կարող նշել նախորդ տարիների մասին: Ասեմ, որ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք նաև Էմիլ Գալստյանի հետ, թեև հիմա նկարահանման հրապարակում չենք հանդիպում: Բայց մենք ինչպիսի ընկերներ եղել ենք, այդպիսին էլ մնացել ենք: Մնացած ամեն ինչ բամբասանք է: Չի կարելի ամեն գրածի հավատալ: Օրինակ, մի քանի օր առաջ հարսանիքի էի մասնակցում, ինձ զանգահարեցին ասացին, որ կայերից մեկը գրել է` իբր Էմիլ Գալստյանի հետ ավտովթարի ենք ենթարկվել և մահացել: Էլ ինչպե՞ս կարելի է հավատալ գրածներին: Հավատալ է պետք միայն այն խոսքերին, որոնք ասում է կոնկրետ անձը:
-Ի վերջո, Անաիս Սարդարյանի և Էմիլ Գալստյանի մեջ եղե՞լ է սեր, որը տանում էր դեպի ամուսնություն:
-Մեր մեջ եղել է ընկերական հարաբերություն, որը պահպանվել է մինչ օրս: Ամեն անգամ, երբ նույն միջավայրում ենք հավաքվում, հիշում ենք այդ խոսակցություններն ու ծիծաղում: Մարդիկ այնքան են մեր անուններն իրար կապել, ամուսնացրել և բաժանել, որ նույնիսկ մահն են ուզում միասին տեսնել (նկատի ունի ավտովթարի պատմությունը Ն.Մ.):
-Խոսակցությունների պատճառը գուցե Ձեր էջերում տեղադրված միասնական նկարների հանկարծակի բացակայությո՞ւնն էր:
-Մեր էջերից նկարներ չեն բացակայել, որքանով ինքս գիտեմ:
-Անաիս, որքան հասկացա` գործնականում գերզբաղված եք: Դա չի՞ խանգարում անձնական կյանքին:
-Չխանգարել չի կարող, բայց քանի որ լավ գործընկերների հետ եմ աշխատում, չեմ դժգոհում:
-Ձեր երկրպագուերին կուրախացնե՞ք, թե՞ կտխրեցնեք. զբաղվա՞ծ է Ձեր սիրտը, թե՞ ոչ:
-Եթե այդ հանգամանքն իրենց կուրախացնի, ապա կասեմ, որ սիրտս ազատ է:
-Չե՞ք փնտրում ՆՐԱՆ:
-Ամենևին, սպասում եմ` ինքն ինձ փնտրի: Համոզված եմ, որ կգտնի:
-Զրույցի ընթացքում Ձեր արտաբերած «իմ տունն» արտահայտությունը տեղիք է տալիս մտածելու, որ մենակ եք ապրում, այ՞ո:
-Այո, մայրս բնակվում է Մոսկվայում:
-Ընտանիքի միակ զավա՞կն եք:
-Ոչ, երկու քույրիկ ենք: Քույրս ևս բնակվում է Մոսկվայում, բժշկուհի է:
-Դժվար չէ՞ երիատասրդ աղջկա համար միայնակ ապրելը:
-Իհարկե, դժվար է, բայց քանի որ տանը շատ քիչ եմ լինում օրվա ընթացքում, այդ միայնակության զգացումը շատ քիչ եմ ունենում:
-Ի՞նչ նպատակներ, երազանքներ ունեք:
-Ինչպես յուրաքանչյուրը, ես ևս նպատակներ ու երազանքներ ունեմ, որոնք, հուսամ, կկատարվեն: Բայց առաջնահերթ երազում եմ, որ պատերազմներ չլինեն ու մարդիկ բարի լինեն: Նաև, բամբասանքը մեր միջից հանենք և յուրաքանչյուրս մեր կյանքով ապրենք: