04/05/2015 19:43
«Շողակն» վաստակավոր անսամբլի բացառիկ համերգը` մայիսի 22-ին Երևանում
Աշխարհահռչակ «Շողակն» անսամբլը մենահամերգով հանդես կգա Երևանում մայիսի 22-ին, ժ. 20.00, Բաղրամյան 17 հասցեում գտնվող «32 Թատրոնում»: 2009 թ. սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած նրանց վերջին համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են:
«Շողակն» անսամբլի երգն ու երաժշտությունն ավանդական է, մաքուր, հարուստ, բազմագույն և զգացմունքային: Եթե սիրում եք հայկական ժողովրդական երաժշտությունը, ապա բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը լսելու հանրաճանաչ անսամբլին: «Շողակն» անսամբլն այսօր աշխարհին է ներկայացնում Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգն ու երաժշտությունը՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի հանդեպ կոմիտասյան ավանդույթների պահպանման եւ սերունդներին փոխանցելու կարեւորագույն գործը:
«Շողակնը» հիմնադրվել է 1995թ., Երևանում: Անսամբլը կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ:
«Շողակն» Անսամբլի երաժիշտներն են ՀՀ ժողովրդական արտիստներ` Գևորգ Դաբաղյանը /դուդուկ, զուռնա/, Հասմիկ Հարությունյանը /վոկալ, ուդ/, Կարինե Հովհաննիսյանը /քանոն/, Լեւոն Թեւանյանը /շվի, թավ շվի, բլուլ/, Վարդան Բաղդասարյանը /քամանչա/, ինչպես նաև Ալեքսան Հարությունյանը /վոկալ, դափ/, Կամո Խաչատրյանը /դհոլ/ և Գրիգոր Թաքուշյանը /դուդուկ դամ/:
Անսամբլը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում և ԱՄՆ-ում՝ կատարողական բարձր մակարդակով ներկայացնելով հայ ժողովրդական և գուսանական արվեստը:
2000թ.-ից « Շողակն» անսամբլն ակտիվ շրջագայում է համերգներով, հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում և փառատոններում, ինչպիսիք են «Սմիթսոնյան Մետաքսի ճանապարհ» /ԱՄՆ/, «Ռուդոլշտադտ» /Գերմանիա/, «Theatre de la Ville» /Փարիզ/: 2004 և 2008 թթ. «Շողակնը» համերգային շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում, մենահամերգներով հանդես է եկել «Carnegie Hall», «Kimmel Center» դահլիճներում: Անսամբլի երաժիշտների բարձրարվեստ և ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2014թ. «Շողակնը» նաև համերգներ է ունեցել Շվեյցարիայում և Պորտուգալիայում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան կենտրոնում:
«Շողակնը» և մենակատարները ամերիկյան «Traditional Crossroads» և շվեյցարական «Face Music» ընկերությունների հետ համատեղ թողարկել են բազմաթիվ ձայներիզներ, որոնք իրենց տեսակի մեջ լավագույններից են, արժանացել են միջազգային և հայաստանյան հեղինակավոր մրցանակների և աշխարհում մեծ ճանաչում ունեն:
Տոմսերի համար այցելեք 32 Թատրոնի տոմսարկղ /ՀՀ Ճարտարապետների միության շենք/ Բաղրամյան 17 կամ զանգահարեք` 098 323232 /ապրիլի 27-ից/: