06/05/2015 17:53
Փորձագետ. Արցախի և Ադրբեջանի միջև որևէ համեմատական անցկացնել ուղղակի հնարավոր չէ
Ժողովրդավարացման ուղին կայուն կերպով շարունակում է զարգանալ Լեռնային Ղարաբաղում, իսկ անցած խորհրդարանական ընտրությունները եկան ապացուցելու մրցակցայնության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայացք կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:
«Ընդդիմության կողմից հնչեցրած գնահատականները վկայում են, որ Արցախում քաղաքական մշակույթը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում և կա ժողովրդավարության բավականին բարձր մակարդակ: Սա հերթական անգամ ապացուցում է, որ որևէ համեմատականներ անցկացնել Ադրբեջանի հետ, ուղղակի հնարավոր չի և թույլատրելի էլ չի: Սա պետք է մեկընդմիշտ արձանագրել ու հաղթահարել Ադրբեջանի հետ համեմատման բոլոր փորձերն ու ձգտումները»,- նշեց բանախոսը:
Փորձագետի կարծիքով՝ Արցախի խորհրդարան անցած քաղաքական հինգ ուժերի ունեցած գաղափարական հենքից դատելով՝ կարելի է ասել, որ այս ԱԺ-ն լինելու է պրոֆեսիոնալ:
Փորձագետ Լիանա Հովհաննիսյանն էլ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը և նշեց, որ թեև այն մեր ուզածը չէ, քանի որ համանախագահները ըստ էության ասում են, որ չեն ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ ու սուվերեն պետություն, բայց սրա հետ մեկտեղ հնարավոր չէ չարձանագրել առկա դրական դինամիկան:
«Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները իրենց հայտարարության մեջ փաստում են, որ Արցախի ժողովուրդը իրավունք ունի ստանձնելու իր դերակատարությունը խնդրի վերջնական կարգավորման հարցում: Իսկ 2010-12թթ-ներին նման բառախաղ չի օգտագործվել, սա դրական է»,- նշեց փորձագետը:
Լ.Հովհաննիսյանը նաև նշեց, որ ավելի լավ է ընդհանրապես զերծ մնալ ֆորմալ հայտարարություններ անելուց, քան անել այնպիսի հայտարարություններ, որոնք սովորաբար արևմուտքից են ստացվում: