06/05/2015 12:59
Մենք տպավորված ենք ԼՂՀ ԱԺ ընտրությունների պրոֆեսիոնալիզմով․ ԱՄՆ դիտորդներ
«Մենք տպավորված ենք այն պրոֆեսիոնալիզմով և նվիրվածությամբ ընտրական պրոցեսին, որը առկա է եղել»,- այսօր այս մասին լրագրողերի հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, ասաց Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը:
Բանախոսը համոզված է, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ:
Քերին Մաքդոնալդը նշեց, որ իրենք գործել ենք համակարգված, անկողմնակալ՝ օգտագործելով են իրենց կենտրոնի ամբողջական մեթոդոլոգիան:
«Ուսումնասիրվել է ողջ գործընթացը՝ նախընտրական հանդիպումներից մինչև ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և ԼՂ ղեկավարության հետ հանդիպումներ»,- ասաց նա:
Ամերիկյան խումբը հանդիպումներ է ունեցել նաև պատգամավորության անկախ թեկնածուների հետ, իսկ ընտրությունների օրը եղել է 16 ընտրատեղամասերում՝ 6 շրջաններում:
Քննարկմանը մյուս բանախոս, ԱՄՆ,Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշեց, որ մարդու իրավունքների տեսանկյունից Ղարաբաղն ամբողջությամբ ցույց տվեց, որ մարդիկ իրենց մասնակցությամբ իրենց վերաբերմունքն են արտահայտում այս ողջ ընտրական պրոցեսին:
Ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացրած մեկ այլ մասնակից, Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Պելերին, ով ունի ընտրական գործընթացը ղեկավարելու 22 տարվա փորձառություն, շատ համակարգված գնահատեց ընտրական գործընթացը և նշեց, որ Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին: