06/05/2015 19:27
Ներկայիս սերիալների մեջ միայն այս նախագծում կցանկանայի մասնակցել. Նորայր Սիմոնյան
Երիտասարդ դերասան Նորայր Սիմոնյանը, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է «Հրեշտակների դպրոց» և «Խաղից դուրս» սերիալներից, նաև «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմերից, այսօր աշխատում է բանկային ոլորտում, թեև, չի հրաժարվել մասնագիտությունից: «Այժմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, որին մեծ սիրով ու նվիրում կմասնակցեմ, քանզի շատ եմ կարոտել նկարահանման և ստեղծագործական պրոցեսը: Ճիշտ է, համապատասխան վերապատրաստում անցնելուց և ատեստավորվելուց հետո բանկում որպես անվտանգության ծառայության պահպանության բաժնի աշխատակից եմ հանդես գալիս, բայց եթե սերիալային կամ ֆիլմային լուրջ առաջարկ ունենամ, պատրաստ եմ դուրս գալ բանկից: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի»,- Aysor.am-ի հետ զրույցում ակեղծացավ նա:
Ի դեպ, թեև Նորայրն ավարտել է Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Նիկոլայ Ծատուրյանի կուրսը, սակայն բեմի նկատմամբ սերը եղել է մանկուց. «Ավելի քան 12 տարի պարել եմ «Մուշ» պարային անսամբլում, պատիվ եմ ունեցել մեր երկիրը ներկայացնել դրսում: Իմ կյանքի մի էտապ նվիրել եմ հայկական ժողովրդական պարերին: Հետագայում ցանկացա նաև դերասանի մասնագիտություն ձեռք բերել և ուղիս շարուակեցի Թատերական ինստիտուտում»:
Նորայր Սիմոնյանն այսօր չի հասցնում հետևել սերիալային անցուդարձին, սակայն նկատել է, որ որոշակի փոփոխություն կա այդ դաշտում: «Ժամանակս չի բավականացնում, որպեսզի սերիալներ նայեմ, բայց վերջերս աչքովս ընկավ «Բախտաբեր» սերիալը, որի սյուժեն շատ հավանեցի: Հավանաբար, ներկայիս սերիալների մեջ միայն այս նախագծում կցանկանայի մասնակցել»,-եզրափակեց մեր զրուցակիցը: