06/05/2015 20:00
Իլյա Ավերբուխ. Մինչև օրս հիշում եմ հայ հանդիսատեսի ծափահարություններն ու սերը
2002 թ-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2003 թ. Եվրոպայի չեմպիոն, ռուս գեղասահորդ ու մարզիչ Իլյա Ավերբուխը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանում ելույթ ունենալու առաջարկը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ի. Ավերբուխը:
Նրա խոսքով՝ մինչև հիմա իր մեջ տպավորվել է Հայաստանում իրենց ընդունելությունը. «Մի քանի տարի առաջ մենք եկել էին ձեր հյուրընկալ քաղաք և մինչև օրս հիշում ենք հանդիսատեսի ծափահարություններն ու այն սերը, որ ստացանք այդ օրը: Մենք շատ կարոտել ենք ձեզ և մեծ անհամբերությամբ սպասում ենք մայիսի 24-ի հանդիպմանը: Դուք շատ գեղեցիկ քաղաք ունեք, որտեղ ապրում են սրտաբաց մարդիկ»:
Ի. Ավերբուխը ասաց, որ Հայաստան է գալիս «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոու ծրագրով:
«Մեր նոր շոուն՝ «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» այն մարդկանց պատմությունն է, ովքեր նույն դասարանից են եղել և շատ տարիներ անց հանդիպել են: Խորեոգրաֆիայի միջոցով նրանք պատմում են այս ընթացքում իրենց հետ կատարվածի մասին՝ ով ինչ է հասել, ինչ են դարձել, ինչ-որ մեկի մոտ սիրային պատմություններ են բացահայտվում: Մենք բոլորս մեծանում ենք, հետ հայացք ենք նետում, հիշում, տխրում, ուրախանում: Մեր ընկերության գոյության 11 տարիների ընթացքում մենք էլ, կարելի է ասել, անցանք մեր դպրոցական շրջանը: Եվ ուզեցինք այնպես խաղալ այս պատմությունը, ասես մեր հանդիսատեսն էլ մեր հասակակիցն է և եկել է մեզ հյուր ու վերհիշում է անցյալը»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք կլինեն անակնկալներ և հայ մասնակիցներ, Ի. Ավերբուխը պատասխանեց. «Անակնկալներ, միանշանակ, կլինեն, բայց բոլոր գաղտնիքները չեմ բացահայտի՝ ե'կեք և ինքներդ տե'սեք, բայց կարող եմ ասել, որ մենք կհրավիրենք շոուին մասնակցելու երեխաներին, ովքեր Երևանում զբաղվում են գեղասահքով»:
Ի. Ավերբուխը ասաց, որ նախկինում բազմիցս աշխատել է հայ աստղերի հետ:
«Ледниковый период» հեռուստածրագրի ամենավառ մասնակիցներից մեկը Միխայիլ Գալուստյանն էր, շատ տաղանդավոր մարդ, որը սկզբում շատ դժվարությունների հանդիպեց, բայց հետո այնքան բացվեց սառույցի վրա, որ ես նրան հրավիրեցի մեր «Малыш и Карлсон» սառցե ներկայացման պրեմիերային, որը կայացել է Մոսկվայում: Նա հիասքանչ կատարեց այդ դերը»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք ունի որևէ երազանք կամ նպատակ, նա պատասխանեց. «Այժմ իմ բոլոր երազանքները կապված են սառույցի վրա «Կարմեն» ներկայացման հետ, որի պրեմիերան կկայանա Սոչիում հունիսի 12-ին: Գլխավոր դերերում են հանրահայտ օլիմպիական չեմպիոններ Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը և Ալեքսեյ Յագուդինը: Ներկայացման ընթացքում կլինեն ամեն ինչ՝ կենդանի երաժշտությունը, օդային ակրոբատների թռիչքներ, գեղասահքի համաշխարհային աստղեր, որոնք սառցե բեմում իսկական արտիստ են դարձել»:
Նշենք, որ շոուին կմասնակցեն Ալեքսեյ Յագուդինը, Օքսանա Դոմնինան, Տատյանա Նավկան, Մաքսիմ Մարինինը, Ռոման Կոստոմարովը, Տատյանա Տոտմյանինան, Պովիլաս Վանագասը, Մաքսիմ Խաբալինը, Մարիա Պետրովան, Ալեքսեյ Տիխոնովը, Մարգարիտա Դրոբյազկոն, Ալբենա Դենկովան, Մաքսիմ Ստավինսկին, Ելենա Լեոնովան, Անդրեյ Խվալկոն և ուրիշներ:
«Սառցե շրջանը» բարձր վարկանիշ ունեցող հեռուստաշոու է։ Մի քանի շրջանների ընթացում շոու բիզնեսի աստղերը փորձել են հայտնի գեղասահորդների հետ զույգում յուրացնել գեղասահքի բարդ արվեստը: