06/05/2015 10:36
Ռոզի Ավետիսովա. Չեմ ուզում հստակ ժամկետներ ասել, թե երբ մատիս մատանի կհայտնվի
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով նշանադրվել է նախորդ տարեվերջին, տևական ժամանակ է` էկրաններին չի երևում: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ` տեղեկանալու, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայիս էկրանային պասիվությունը և ի՞նչ նորություններ ունի. «Այժմ պատրաստվում եմ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, սակայն փակագծերը բացել չեմ կարող: Ինչ վերաբերում է սերիալներին, ապա որոշել եմ մի փոքր հանգստանալ և չերևալ էկրաններին: Հնարավորության սահմաններում ավելի շատ ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել, երևալ: Սակայն, եթե սերիալային շա~տ հետաքրքիր առաջարկ լինի, հետաքրքիր կերպար, ապա չեմ հրաժարվի նկարահանվել»:
Որպես դերասանուհի` Ռոզին եկամտի տեսանկյունից ֆիլմերից վաստակած հոնորարից առավել գոհ է, քան սերիալային աշխատավարձից: Իսկ թե ժամանակի մեջ որքանով է լավացել սերիալային արտադրանքի որակը` պատասխանեց. «Փոխվել է միայն տեխնիկան, որակական ոչ մի առաջընթաց չկա: Դա շատ հարցերից է կախված` առաջնահերթ` սցենարիստներից: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Ճիշտ է, սերիալները ստաբիլ եկամուտ են ապահովում, բայց միևնույն է, ոչ մի երաշխիք չկա, որ երկու-երեք շաբաթ անց այս կամ այն սերիալը չի փակվի»:
Մասնագիտական զբաղվածությանը զուգահեռ շարունակում է նաև գործունեությունը փաբում: Սակայն այժմ ոչ թե մատուցողուհու, այլ` տնօրենի կարգավիճակում: «Թեև հիմա ֆիլմի նախապատրաստական շրջանում ենք, սակայն ազատ ժամանակ ունենալու դեպքում փաբում եմ լինում: Ասեմ, որ ես բոլորովին այլ փաբում եմ մատուցողուհի աշխատել, այնուհետև իմ նշանածը, ով մեկ այլ փաբում բարմեն էր, ինձ սովորեցրեց բարմենի աշխատանքը և մենք որոշեցինք ունենալ մեր տարածքը: Այնպես որ, մենք միասին սկսեցինք աշխատել հենց մեր` «Կուբա» փաբում, երկուսս էլ տնօրեն ենք: Կարելի է ասել, այն դարձավ մեր առաջիկա ընտանեկան բիզնեսը»,- պարզաբանեց նա:
Իսկ թե որքանով են գործունեության երկու ոլորտները միմյանց խանգարում կամ լրացնում, որն է ֆինանսական առավել մեծ ապահովվածություն երաշխավորում, մեր զրուցակիցը նշեց. «Թեև սրանք իրարից շատ տարբեր աշխարհներ են, բայց փաբում մենք շատ գեղեցիկ ու հետաքրքիր օրեր ենք անցկացնում, միջոցառումներ ենք կազմակերպում` Stand Up շոուներ, համերգային ծրգրեր, ինտելեկտուալ խաղեր: Այնպես որ փորձում եմ մեկը մյուսով լրացնել: Սա միայն պարելու և խմելու տարածք չի: Մեկն ինձ համար բիզնես ոլորտ է, մյուսը` ստեղծագործական: Կարևորը, ֆինանսական լուրջ խնդիրներ չունենք, համատեղ ուժերով հասցնում ենք»:
Թե երբ հարաբերությունները կօրինականացնի և ամուսնական մատանի կկրի Ռոզի Ավետիսովան, պարզ չէ: Դերասանուհին նախընտրում է հստակ ժամկետներ չհրապարակել: