06/05/2015 10:24
Նախագահ Սարգսյանը Ուորլիքի հետ քննարկել է բանակցային գործընթացը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ես այսօր ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է լինելու մայիսի 5-7-ին:
Նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նա հանդիպումներ կունենա Սենատում: Կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:
Այցի շրջանակում Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ:
Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: