07/05/2015 14:00
Ա. Արեշև. Ընտրությունների վերաբերյալ հնչած հայտարարությունները քայլ առաջ էին
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանների խաղաղությունը ապրիլի 24-ին և այդ օրերին պայմանավորված էր այն հանգամանքով, որ ադրբեջանցիները ուղղակի ցանկություն չունեին սադրանքների գնալ: Բայց միևնույն ժամանակ հայկական կողմի լավ պատրաստվածությունն ու ճիշտ տեղեկատվության տիրապետումը հնարավորութուն տվեցին բացառել սադրանքները հատկապես այդ շրջամում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ ավելացնելով, որ, ցավոք, որևէ մեկը չի կարող ասել, որ սադրանքները չեն կրկնվի:
«Ցավում եմ, բայց սադրանքները բացառել չի ստացվի, դրանք կլինեն: Այլ հարց է, որ Ադրբեջանին այսօր դա այնքան էլ ձեռք չի տալիս, քանի որ առջևում եվրոխաղերն են... ես կուզեի, որ այդ խաղերը երկարաժամկետ լինեին, որպեսզի Ղարաբաղում խաղաղություն լինի, բայց, ցավոք, դա հնարավոր չէ»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով` այստեղ է, որ մի խնդիր է նշմարվում՝ չի կարելի զորքերը պահել անընդհատ լարվածության տակ, քանի որ դա կարող է հանգեցնել զենքի կիրառմանը, ինչպես նաև զինվորականների հոգեբանական սպառվածության.
«Սադրանքը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ այդ ռազմական պատրաստվածության լարվածությունը փոքր-ինչ կմեղմվի, ինչը կբերի լուրջ վտանգի, իսկ ինչպես ես եմ հասկանում՝ այդ սպառնալիքը ավելի բնորոշ է ղարաբաղյան սահմանին, ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին»:
Վ. Եվսեևը նկատեց, որ կիրակի օրը Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին զուգահեռ լարվածությունից ու սադրանքներից խուսափելը ևս այդ պատրաստվածության արդյունք է, բայց, կրկնեց նա, եվրոխաղերը կանցնեն: Թեև վստահություն հայտնեց, որ հայկական բանակները պատրաստ են նմանատիպ զարգացումներին, իսկ ինքը, գտնվելով Արցախում, տեսել է, որ ազգաբնակչությունն էլ վստահ է, որ կարող է ինքնապաշտպանվել:
Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին՝ ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ նկատեց, որ այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նրանով, որ նախ դրանք մրցակցային էին, իսկ բացի այդ՝ հետաքրքրությունն աննախադեպ էր արևմտյան երկրների կողմից, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացվածությունն էր բավականին ծանրակշիռ:
«Հատուկ ուշադրության է արժանի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլև՝ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները անցկացված ընտրությունների վերաբերյալ: Դրանցում ասվում է, որ ընտրությունների արդյունքը չի կարող ազդել հակամարտության լուծման վրա, բայց կարևորվում է ԼՂՀ ժողովրդի իրավունքը որոշել սեփական ապագան: Սա անշուշտ քայլ առաջ է»,- շեշտեց նա: