07/05/2015 15:10
Կ. Բեքարյան. Կարգավորումը հնարավոր չէ առանց ԼՂՀ մասնակցության բանակցային գործընթացին
Լեռնային Ղարաբաղում կա ժողովրդավարության բավականին բարձր մակարդակ, կան լեգիտիմ ընտրված իշխանություններ: Եվ որքան էլ միջազգային կառույցները տարատեսակ հայտարարություններով հանդես չգան՝ սա փաստ է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Քաղաքագետի գնահատականով ՝ Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին բարձր մակարդակով և ապահովեցին քայլ առաջ:
«Ինձ զարմացնում են այն համեմատականները, որ տարվում են ԼՂՀ-ում և Ադրբեջանում ընտրությունների միջև: Ադրբեջանի հետ համեմատելը ճիշտ չէ, համեմատության որևէ եզր այստեղ անգամ չկա: Համաձայն եմ՝ եկեք համեմատենք եվրոպական ցանկացած երկրի հետ, բայց ոչ Ադրբեջանի»,- հայտարարեց Կարեն Բեքարյանը:
Բանախոսը նկատեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը արձանագրել են մեկ բան՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին, բացի այս՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն առկա է եղել բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում, նաև այն, որ Ադրբեջանի կողմից առկա է ուժի կիրառման սպառնալիք, որին պետք է պատրաստ լինել:
«Ակնհայտ է, որ միջազգային կառույցների արձագանքը այս ընտրությունների վերաբերյալ տարբերվում էր նախորդ ընտրություններից: Օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունով համանախագահները փաստորեն ընդունում են հանրության դերը իր ապագան որոշելու հարցում, թեև միևնույն ժամանակ նշում են, որ չեն ճանաչում այս ընտրությունների հնարավոր ազդեցությունը կարգավիճակի վերջնական ճանաչման հարցում: Բայց այստեղ գրեթե հստակ ձևակերպված է մադրիդյան սկզբունքների այն թեզը, որը Ղարաբաղի հանրությունը պարտադիր մասնակցում է իր ինքնորոշմանը և մենք ինքնորոշման ճանաչման այդ դրույթը տեսնում ենք հայտարարության մեջ»,- մատնանշեց Կ.Բեքարյանը:
Քաղաքագետը շեշտեց՝ հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ԼՂՀ մասնակցության բանակցային գործընթացում: