07/05/2015 18:30
Սուտը, սխալը, կեղծավորությունն ու քծնանքը տանել չեմ կարողանում. Արտյոմ Մարկոսյան
Դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը չի սիրում հաճախակի բարձրաձայնել իր մասին: «Տեսնողը` կտեսնի, գնահատողը` կգնահատի». սա է նրա կարգախոսը: Aysor.am-ին տված հարցազրույցում նա անկեղծացավ նոր նախագծերի, առաջարկների, «Արմենիա» հեռուստաընկերության և «7,5»-ի տղաների հետ հարաբերությունների, ինչպես նաև՝ ընտանիքի և իր տաքարյուն բնավորության լավ ու վատ կողմերի մասին:
-Արտյոմ, այժմ Ձեր հաղորդումը հանգստյան փուլում է: Ինչո՞վ եք զբաղվում:
-Ես միշտ զբաղված եմ, ինչ-որ մի բան անում եմ, չեմ սիրում պարապ նստել: Այժմ նոր նախագծեր կան, սակայն շատ փակագծեր բացել չեմ կարող: Շուտով, հավանաբար, ամեն ինչ ավելի շոշափելի կլինի:
-Խոսքը հեռուստատեսայի՞ն նախագծերի մասին է, թե՞…
-Եվ հեռուստատեսային, և ոչ հեռուստատեսային:
-Իսկ հեռուստատեսային պրոյեկտները նորի՞ց «շոուի» ժանրում կլինեն:
-Ես բազմապրոֆիլ մտածելակերպ ունեմ ու իմ գործունեությունն էլ բազմաժանր է: Այնպես որ, մտահղացումներս տարբեր են:
-Իսկ ոչ հեռուստատեսային նախագծերը ո՞ր ոլորտի հետ են կապված:
-Բեմական գործունեության, նաև կինոասպարեզի հետ: Հայաստանից դուրս ևս գործնական հրավեր ունեմ:
-Շատերի անունից վստահորեն կարող եմ ասել, որ «7,5» ներկայացման շրջանակներում Ձեր դերասանական վարպետությամբ գերազանցեցիք սպասելիքները: Նաև, վոկալի առումով հրաշալի տվյալներ ցուցաբերեցիք: Երբևէ չե՞ք մտածել ամբողջովին դերասանական գործունեությանը տրվել:
-Ես վաղուց եմ այս բնագավառում, բայց նորմալ է, որ որոշ մարդիկ ինձ «7,5»-ով են բացահատել որպես դերասան: Ամեն մեկն իր բացահայտման ժամանակն ունի: Ընդհանրապես, հեռուստատեսային գործուեությամբ ես զբաղվել եմ բանակից վերադառնալուց հետո` 1999 թվականից:
-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Ոչ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինը:
-Բոլորովին տարբեր բնագավառներ. երբևէ օգտագործե՞լ եք Ձեր դիպլոմային մասնագիտությունը:
-Մի շրջան` ուսանողության վերջին տարիներին, աշխատել եմ Արտաքին գործերի նախարարությունում: Սակայն, բանակից հետո, կյանքս դասավորվեց այնպես, որ հայտնվեցի այս ասպարեզում: Միգուցե դա իմ ճակատագի՞րն է, որից ես դժգոհ չեմ, Փառք Աստծո:
-Իսկ ինչո՞ւ հենց այս ճանապարհը:
-Երբ Հայաստանում ՈՒՀԱ-ի մեծ ալիք բարձրացավ, ես առաջին և ակտիվ մասնակիցներից էի: Դա այն սերմն էր, որը հետագայում ծիլեր արձակեց: Բանակից հետո «Զսպանակ» ծրագիրն իրականացրեցինք, որն այդ ժամանակի, կարելի է ասել, միակ «լուրջ» հումորային ծրագիրն էր:
-Խոսքի սկզբում նշեցիք, որ Հայաստանից դուրս գործնական հրավեր ունեք: Արդյոք մտածո՞ւմ եք հնարավորությունն օգտագործել և ընդմիշտ տեղափոխվել:
-Ոչ, ոչ, ես դրսում ապրելու և աշխատելու հրավերներ, հնարավորություններ շատ եմ ունեցել, բայց զգացել եմ, որ ինձ այստեղ ավելի լավ եմ զգում: Միշտ ցանկացել եմ աշխատել ու արարել իմ հայրենիքում: Ինչ վերաբերում է գործնական առաջարկին, ապա չակերտները շատ չեմ բացի, քանի որ չեմ սիրում «առուն չթռած` հոպ ասել». ուղղակի գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ունեմ, ներկա պահին բանակցությունների փուլում ենք:
-Խոսքը ռուսակա՞ն կինոարտադրության մասին է:
-Այո:
-Արտյոմ, դուք եղել եք հայկական «հեռուստաշոուների» ստեղծման ակունքում: Այսօր հեռուստաեթերը ողողված է տարրաբնույթ «շոու» ծրագրերով: Որակական փոփոխություն նկատո՞ւմ եք:
-Ընդհանրապես, ամեն ինչի և հանցագործը, և հերոսը ժամանակն է: Սերունդ է փոխվում, մտածելակերպ, մոտեցումներ, արժեհամակարգ: Երբ ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, պետք է շատ կտրուկ կարծիք չհայտնենք, չբողոքենք: Ժամանակն առաջ է շարժվում, փոքրերը մեծանում են…
-Ամեն դեպքում, Ձեր սուբեկտիվ կարծիքը մեզ հետաքրքիր է:
-Ավաղ, դեպի լավը փոփոխություններ չեմ նկատում: Որոշ մոտեցումներ ես չեմ կարող ընդունել: Շատերն այսօր այս կամ այն հումորը համարում են հետաքրքիր և ծիծաղաշարժ, բայց դրանք ինձ համար ուղղակի «աբսուրդ» են: «Բեսետկայի» և, կներեք արտահատությանս, «քուչի» մակարդակի խոսակցությունները շատերն այսօր էկրան են բերել և հումորի անվան տակ են մատուցում: Ես գտնում եմ, որ դա նաև ինտելեկտուալ անկման հետևանք է: Բայց դա արդեն առանձին հարցազրույցի մի մեծ թեմա է (ժպտում է):
-Ձեր զավակներին արգելո՞ւմ եք հետևել նման հաղորդումներին:
-Իմ երեխաներն արդեն բավական հասուն տարիքում են` 19 և 16 տարեկան, արդեն իրենք պետք է գիտակցեն` ինչը նայել, ինչը` ոչ: Եթե լինեին 3, 4 կամ 6 տարեկան, գուցե և պետք լիներ արգելել: Ծնողն անպայման պետք է ուշադիր լինի նման հարցերում: Մենք, Փառք Աստծո, ժամանակին ճիշտ ճաշակ ենք ձևավորել նրանց մոտ, ճիշտ ուղղու վրա ենք դրել, և ես շատ գոհ եմ, որ երեխաներս այսօր վատը լավից տարբերում են: Ասեմ ավելին` հպարտ եմ:
-7,5-ի տղաները ժամանակին «Արմենիա» TV-ի դեմքերն էին: Արդյոք Ձեր և հեռուստաընկերության միջով «սև կատո՞ւ» է անցել:
-Մեր «պրոֆեսիոնալ գվարդիայից» (չեմ վախենում մեզ այդպես կոչել) յուրաքանչյուրը նոր առաջարկ է ստանում` գուցե ավելի նպաստավոր, շահավետ, հետաքրքիր… Բոլորս էլ կայացած մարդիկ ենք և մենք ենք որոշում մեր ճանապարհը, պետք է կարողանանք մեր ձեռքբերածը պահել, չորակազրկվել: Անձամբ ես անձնական խնդիրներ չունեմ և չեմ ունեցել հեռուստաընկերության հետ:
-Իսկ դուք ցանկացա՞ծ առաջարկ եք ընդունում:
-Կան բաներ, որոնք ես երբեք չեմ անի, մեկ ուրիշը գուցե համաձայնի, և դա նորմալ է: Յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի գործին: Մենք մեր հետևորդները, մեր հեռուստադիտողներն ունենք, որոնց սիրտը կոտրելու իրավունք չունենք: Ձեռք բերած հաջողությունն ու սերը ավելի են պարտավորեցնում, սայթաքելն ու ընկնելն ավելի ցավոտ կլինի:
-Իսկ հնարավո՞ր է այս կազմին նորից նույն բեմում տեսնենք:
-Ես մեծ հաճույքով նորից կմտնեի այդ ամենի մեջ: Սակայն ներկա պահին այդ ամենի համար նախադրյալներ չկան, ռեալ չի: Բայց ես միշտ ասում եմ. «Երբեք մի ասա երբեք»:
-Իսկ միջանձնային հարաբերությունները տղաների հետ ինչպե՞ս են:
-Նորմալ: Ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ և չեմ էլ ունեցել:
-Արտյոմ, վերջերս «6-րդ զգայարան» հաղորդմանն էիք մասնակցում, որտեղ դրսևորեցիք բավական էմոցիոնալ վարքագիծ: Ձեզ առավել շատ ի՞նչը հունից հանեց:
-Գիտեք, քանի որ ինքս համաձայնել եմ, գնացել ու մասակցել, Էթիկայի կանոններից ելնելով` չեմ ցանկանա հիմա խոսել այն մասին, թե ինչն ինձ ջղայնացրեց կամ դուր չեկավ: Իհարկե, ունեմ իմ ձևավորված կարծիքն այդ ամենի վերաբերյալ, սակայն այս պահին սխալ կլինի խոսել այդ մասին, քանի որ, եթե արտահայտեմ իմ անձնական կարծիքն ու համոզմունքը, կոլեգիալ չի լինի:
-Ընդհանրապես, շո՞ւտ եք բորբոքվում:
-Սուտը, սխալը, կեղծավորությունն ու քծնանքը տանել չեմ կարողանում: Այնպես չի, որ «ուրագի» պես եմ, մտածում եմ միայն ինձ լավ լինի: Ցանկացած մարդու նկատմամբ սխալը չեմ ընդունում ու երբ ականատես եմ լինում, արձագանքում եմ:
-Մի՞շտ եք դիմացինի սխալը երեսին ասում:
-Միշտ: Երբեմն ասում են, որ ես այդ պատճառով տուժում եմ, բայց մեկ է, ասում եմ: Ես գտնում եմ, որ դա իմ հաղթանակներից մեկն է:
-Իսկ Ձեր նկատմամբ քննադատությունների՞ն ինչպես եք վերաբերում: Չէ՞ որ դիմացինն էլ կարող է Ձեր սխալները մատնացույց անել:
-Առողջ քննադատությունը, կոռեկտ քննադատությունն, իհարկե, ընդունում եմ: Գիտեմ, որ բոլորս էլ հոգու խորքում մի քիչ նեղվում ենք քննադատություններից: Բայց այն, ինչը բանականության սահմաններում է և ճիշտ, պետք է ընդունել: Այս տարիքում էլ փորձում եմ իմ մեջ ինչ-որ բան շտկել:
-Ձեր զավակները մասնագիտական ի՞նչ ճաապարհ են ընտրել:
-Աղջիկս ավագն է, սովորում է ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտեստում, տղաս, կարծես, թե սպորտի ուղին է ընտրել` ֆուտբոլով է զբաղվում: Ես դեմ չեմ, տա Աստված` դա իրենը լինի և լավ ֆուտբոլիստ դառնա: Այդ դեպքում իրեն «կանաչ խոտադաշտ» (ժպտում է): Թեև, դեռ վերջնական որոշում կայացնելու ժամանակ ունենք:
-Ձեր կինը կապ ունի՞ Ձեր ոլորտի, մասնագիտության հետ:
-Կինս բանասեր է: Իմ ոլորտների հետ մեր ընտանիքից ոչ-ոք կապ չունի:
-Արտյոմ, Ձեր տաքարյուն բնավորությունը ընտանեկան հարաբերություններին որքանո՞վ է խանգարում:
-Փառք Աստծո, երբևիցե չի խանգարել: Մեզ մոտ ամեն ինչ այնքա~ն ներդաշնակ է: Շուրջ 20 տարի է` ամուսիններ ենք, մեր կյանքում ամեն ինչ շատ գեղեցիկ է եղել, համերաշխ ենք ու սիրով: Տաքարյունությունս երբեք չի խանգարել, ավելին` օգնել է…