08/05/2015 11:27
«Պատիվ եմ ունեցել մասնակցելու Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին». Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը:
«Պատիվ եմ ունեցել մասնակցելու Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել են նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել էր աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Նախագահի հետ: