08/05/2015 13:59
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում բանտարկված հայ սահմանախախտին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ծառայության ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմում գերի ընկած Արսեն Բաղդասարյանին, ով օրերս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Հանդիպման մասին տեղեկությունները տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով ադրբեջանական APA լրատվականին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԿԽՄԿ աշխատակիցների միջնորդությամբ տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում հայ սահմանախախտի և նրա ընտանիքի անդամների միջև:
Aysor.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին փոխանցեց, որ հանդիպումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ. «Վերջին հանդիպումը եղել է ապրիլի 30-ին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը ադրբեջանական կողմում հայտնվել էր դեկտեմբերի 26- ին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Հայ սահմանախախտի նկատմամբ ադրբեջանական դատարանը մայիսի 5-ին 15 տարվա ազատազրկման որոշում է կայացրել: Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը Արսեն Բաղդասարյանին դատել է որպես դիվերսանտի: