09/05/2015 13:52
106 հերոս, մարշալներ. Իրական փաստեր Հայրենական Մեծ պատերազմում հայերի մասնակցության մասին
Հաղթանակի 70-ամյակին ընդառաջ մեր հարևանները լրատվամիջոցներով արշավ մեկնարկեցին, որի նպատակն էր նվազեցնել հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմում ու առավել ևս այն դերակատարումը, որ մեր հայրենակիցներն ունեցել են դրանում: Թեև հայերի մասնակցության մասին փաստում են ոչ միայն արխիվային բազմահազար փաստաթղթերը, այլև դրանց հիման վրա գրված գրքերը: Դրանց թվում նաև «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне 1941-1945» աշխատությունը, որում մանրամասն, գրեթե անուն առ անուն հիշատակվում են բոլոր հայորդիները, ինչպես նաև պատերազմի վերաբերյալ այլ մանրամասներ, որոնք այսպես թե այնպես կապ ունեն հայ ժողովրդի հետ:
Aysor.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանը՝ գրքի համահեղինակը նշեց, որ վերջին շրջանում իսկապես շատ են հրապարակումներ, որոնք կարող են օգտագործվել մեր դեմ: Եվ ամենից առաջ այդ ընդդիմախոսները հայտարարում են, թե հայերի մասնակցության թիվն է ուռճացված.
«Հայաստանում բնակչությունը 1941թ-ի տվյալներով կազմել է 1 մլն 300 հազար: Ռազմաճակատ սովետական Հայաստանից մեկնել է 300 հազար հայ՝ դա մեր զինկոմիսարիատի տվյալներն են և սրանք ճշտված թվեր են: Բայց ընդհանուր առմամբ 1941-45թթ-ի պատերազմին մասնակցել է 600 հազար հայ՝ 300 հազարը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանից, 200 հազարը ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարը՝ սփյուռքից: Այսինքն երբ ներկայացվում է, թե 600 հազար հայ մեկնել է միայն Հայաստանից սա իրականությանը չի համապատասխանում, բայց իրականություն է այն, որ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ»,- նշեց մեր զրուցակիցը:
Երկրորդ թյուր տեղեկատվությունը, որ տարածում է գտել դա այն է, որ պատերազմում զոհվել է 300 հազար հայ: Կ.Հարությունյանի խոսքով՝ պատերազմում զոհվել է շուրջ 200 հազար հայ, որից 100 հազարը միայն Հայաստանից ու արխիվային փաստաթղթեր կան, որ վկայում են այդ մասին:
Երրորդ՝ որքա՞ն հերոս է տվել Հայաստանը.
«Այս թվաքանակն էլ ճիշտ չի ներկայացվում: Ընդհանրապես սովետական միության հայ հերոսների քանակը 106 է, որից 4-ը ստացել են խորհրդա-ֆիննական պատերազմում (1939 նոյեմբեր- 1940 մարտ): Հայրենական պատերազմի հերոսի կոչում ստացել է 99 հայ, իսկ բացի այս ևս 3 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման հետպատերազմյան խաղաղ տարիներին կատարած սխրանքների համար»,- թվարկեց Կ.Հարությունյանը: Ի դեպ, Հայաստանը հերոսների թվով առաջատարն է՝ Վրաստանը տվել է 89 հերոս, իսկ Ադրբեջանն ընդամենը 43 հերոս:
Բացի այս՝ 26 հայ ստացել են «Փառքի շքանշան», ընդ որում երրորդ աստիճանով ամենաառաջինը հենց հայ է պարգևատրվել՝ Գևորգ Իսրայելյանը Ղարաբաղից. «Հայերեն գրքերում մենք գրում ենք 27 թիվը, որովհետև նրանց թվում կա մեկը, ով կրում է Օսկոնյան ազգանունը: Բայց պարզվեց, որ նա հայ չի, այլ ուկրանացի և ռուսերեն տարբերակով գրքերի հետ թվային այս տարբերությունը հենց դրանով է պայմանավորված… թեև 27 լինի, թե 26 էական տարբերություն չկա, որովհետև հայ ժողովուրդը հսկայական գործ է արել ու ներդրում ունեցել պատերազմում: Ավելին՝ հազարավոր հայերի անուններ կարող ենք թվել, որոնց ներկայացրել են սովետական միության հերոսի կոչման, բայց չեն տվել, ուրիշ կերպ են գնահատել»:
Ի դեպ, Կ.Հարությունյանը նշեց, որ «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне 1941-1945» գրքում հետաքրքիր անդրադարձ է կատարում նաև կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին և մարշալ Բաղրամյանին, ընդ որում՝ ադրբեջանցիները կրկնակի հերոս չեն ունեցել.
«Բայց որպեսզի նրանք հետ չմնան հայերից Գորբաչովի ժամանակ Հեյդար Ալիևը դիմել է, որպեսզի իրենց Ազի Ասլանովին տան կրկնակի հերոսի կոչում: Ազի Ասլանովը 1945թ-ին զոհվել- գնացել է, սովետական միության հերոսի կոչում ստացել էր Ստալինգրադում և, ուշագրավ է, նրան հերոսի ներկայացրել էր բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը, որը հետագայում ստացավ նաև սովետական միության հերոսի կոչում: Ինչպես գիտենք, Գորբաչովը շատ էր ենթարկվում Ալիև մեծին ու հենց նրա այդ ճնշման տակ էլ Գորբաչովը Ազի Ասլանովին շնորհեց սովետական միության կրկնակի հերոսի կոչում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերջերս, երբ Վոլգոգրադում է տեսել է, որ ադրբեջանցիները կրկնակի հերոս Ասլանովի հիշատակին հուշաքար են ետղադրել: Բայց շատ կարևոր է տեղեկացված լինել, ընդգծեց պատմաբանը, թե ինչպես է ադրբեջանցի Ասլանովը դարձել կրկնակի հերոս.
«Այնպես որ Նելսոն Ստեփանյանն ու մարշալ Բաղրամյանը իսկական կրկնակի հերոսներ են: Ի դեպ, Նելսոն Ստեփանյանին ներկայացրել էին հերոսի կոչման 1944թ-ի օգոստոսի 20-ին, բայց ինքը զոհվել է 1944թ-ի դեկտեմբերին: Փորփրեցի ՌԴ ՊՆ արխիվը և գտա, որ իրեն հետմահու ներկայացրել են եռակի հերոսի կոչման, բայց նա միայն կրկնակիի արժանացավ, իսկ եռակիի փոխարեն Ն.Ստեփանյանին շնորհեցին առաջին աստիճանի Հայրենական Մեծ պատերազմի շքանշան հետմահու»:
Կ.Հարությունյանը տեղեկացրեց, որ ճշտումներ կան նաև հայ գեներալների թվում, հայկական դիվիզիաների հետ կապված՝ եղել է 6 հայկական դիվիզիա: Վերադառնալով ադրբեջանցիների կողմից խեղաթյուրվող տեղեկատվությանը, թե Ադրբեջանը, մասնավորապես, 140 հերոս է տվել, Կ.Հարությունյանը նշեց, որ մեր հարևանները Ղարաբաղի հերոսներին, տարբեր շրջանների վերագրում են իրենց,, իբրև թե ադրբեջանցի զավակների, բայց իրականում Ադրբեջանն ունի 43 հերոս, որից 5-ն էլ քրդեր են: Ինչ վերաբերում է դիվիզիաներին, ապա դրանց թվով հավասար ենք եղել, թեև իրենց դիվիզիաները բոլորը մնացել են Կովկասում ու չեն հասել Բերլին:
«Ադրբեջանը մարշալ չի ունեցել ի տարբերություն Հայաստանի: Բայց ուշագրավ է, որ Բաղրամյանին, Բաբաջանյանին, Իսակովին համարում էին Ադրբեջանի զավակ: Ադրբեջանցիները այս թեմային շատ զգայուն են մոտենում ու երբ ներկայացվում, թե հայերը ինչքան մարշալ են տվել, նրանք միշտ ու բոլոր հարթակներում հակադարձում են՝ մենք էլ այսքան նավթ ենք տվել: Իրոք տվել են, բայց այդ նավթահանքերում էլ բոլորում հայեր էին աշխատում՝ սկսած կառավարիչներից ու ինժեներներից»:
Aysor.am-ի զրուցակից պատմաբանը շեշտեց՝ հայերի մասնակցությունը 1941-45թթ-ի պատերազմում ուղղակի անգնահատելի է…