11/05/2015 17:43
«Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով՝ Երևանում
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իր կազմավորման հինգերորդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանս, որի բացումը տեղի է ունեցել այսօր Երևանում: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Գիտաժողովի բացման ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Նա իր խոսքում նշել է, որ այս միջոցառմամբ Դիվանագիտական դպրոցը նպատակ ունի նպաստելու էլեկտրոնային դիվանագիտության վերաբերյալ գիտնականների ու գործնական դիվանագիտական աշխատանք կատարող մասնագետների շրջանում ծավալված միջազգային քննարկումներին: Դեսպան Գաբրիելյանը գոհունակությամբ նշել է նաև, որ Դիվանագիտական դպրոցի ստեղծումից 5 տարի անց նրա շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը և ձեռք են բերել լավ հեղինակություն:
Բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան:
Գիտաժողովի պաշտոնական բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը, ընդգծելով կոնֆերանի նշանակությունը և անդրադառնալով էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում ՀՀ ԱԳՆ ձեռքբերումներին, նշել է, որ դիվանագիտական ծառայության մարմինները կարող են հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում միայն տեխնոլոգիական առաջընթացից առավելագույնը քաղելու դեպքում: Նա գոհունակությամբ նշել է, որ Դիվանագիտական դպրոցը հաջողությամբ է իրականացնում ապագա դիվանագետներին կրթելու և գործող դիվանագետների մասնագիտական գիտելիքները և հմտությունները շարունակաբար վերապատրաստելու գործը, և որ այն դիվանագիտական կադրերի մասնագիտական պատրաստման առաջնագծում է:
Գիտաժողովին մասնակցել են դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ` 70-ից ավելի մասնակիցներ շուրջ 25 երկրներից:
Գիտաժողովն ընթանալու է չորս աշխատանքային նիստերով. 1.Տեղեկատվության և հաղորդակցության կառավարումը դիվանագետների համար. հնարավորություններ և ռիսկեր, 2. Դիվանագիտություն և վիրտուալ իրականություն. միջոցներ և պրակտիկա, 3. Երկրների փորձառությունը փոփոխություններին հարմարվելու և դրանց ազդեցությունը գնահատելու հարցում, 4. Դիվանագիտական դպրոցներ և էլեկտրոնային դիվանագիտություն. լավագույն փորձառությունները:
Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ: