12/05/2015 14:46
«Ոսկե ծիրանի» տնօրեն. «Այլևս երբեք» ծրագրով աշխարհին ասում ենք, որ շարունակում ենք ապրել և ստեղծագործել
Շատ ուրախ եմ, որ «Այլևս երբեք» ծրագիրը հաստատվեց, որով մենք կինորավեստի միջոցով ուզում ենք աշխարհին ասել, որ շարունակում ենք ապրել և ստեղծագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նշենք, որ «Այլևս երբեք» ծրագիրը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում կազմակերպել էր թեմատիկ կինացուցադրություններ աշխարհի մի շարք երկրներում:
«Այլևս երբեք» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի խոսքով` ներկայացված էին 20-ից ավելի ֆիլմ՝ հայ և արտասահմանացի, այդ թվում թուրք ռեժիսորների ֆիլմեր, ցուցադրություններ եղել են աշխարհի 7 երկրներում, այդ թվում` Բելառուսում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Բուլղարիայում և Թուրքիայում:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ասաց, որ բոլոր ցուցադրությունների ընթացքում ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել անգամ Թուրքիայում:
Հ. Խաչատրյանը ասաց, որ նշված երկրների մամուլը ևս ակտիվորեն անդրադարձել է այդ ցուցադրություններին: Ծրագիրի առաջին կիսամյակը կամփոփվի հունիսի 19-ին Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: