13/05/2015 21:25
Մի քիչ մեծանամ, նոր կպատասխանեմ այդ հարցին. Մոսո Կարապետյան
Դերասան Մոսո Կարապետյանն, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմից` Հրաչի կերպարով, այժմ իր ամբողջ գործնական ուշադրությունը սևեռել է միայն սիթքոմի վրա: Նրա խոսքերով` թեև այլ առաջարկների պակաս չի զգում, սակայն ժամանակի մեջ տեղավորվելու, հասցնելու խնդիր ունի: Aysor.am-ը փորձեց ճշտել, թե որքանո՞վ է դերակատարը նման իր կերպարին, արդյոք նրա շրջապատում հանդիպում են «Հրաչներ». «Իմ կերպարը մի քիչ շատ է չափազանցրած: Հստակ այսպիսի մարդ չկա, բայց նմանատիպ մարդիկ կան, իհարկե: Երբեմն հանդիպում եմ այդ տեսակին, բայց երբեք բացասական արձագանքներ չեմ լսում նրանցից»:
Յուրաքանչյուր դերակատար միշտ էլ որոշ արտահայտություններ է փոխանցում իր կերպարին, կամ` «սովորում» կերպարից: «Ես կրպարիս շատ արտահայտություններ եմ փոխանցել ու դեռ կփոխանցեմ: Կան այնպիսիք, որոնք իրական կյանքում միայն հումորի, կատակի ենթատեքստով եմ օգտագործում»,- նշեց մեր զրուցակիցը:
Մոսո Կարապետյանի համար ցանկացած նախագծում հայտնվելիս կարևորն իր կերպարի ասելիքն է: Այլ է մոտեցումը, երբ հերթը հասնում է թատրոնին. «Երբ հանդես եմ գալիս հեռուստատեսային նախագծում կամ ֆիլմում, միայն սցենարը կարդալուց հետո կարող եմ հասկանալ` ցանկանո՞ւմ եմ այդ դերում հանդես գալ, թե՞ ոչ: Բայց թատրոնում կան հստակ կերպարներ, որոնցով կցանկանայի ներկայանալ: Այժմ չեմ նշի` ինչ կերպարներ. մի քիչ մեծանամ, նոր կպատասխանեմ այդ հարցին, քանզի նրանք և տարիքային, և մտածելակերպային հասունություն են պահանջում: Հակառակ դեպքում պատասխանս այլ կերպ կդիտվի ու կմեկնաբանվի»:
Մեր այն հարցին, թե մասնագիտական ո՞ր հարթակում` նկարահանման հրապարակո՞ւմ, թե՞ բեմում է իրեն առավել լավ զգում դերասանը` պատասխանեց. «Որևէ թատրոնում հաստատված աշխատող չեմ, սակայն կան ներկայացումներ, որոնցում խաղում եմ տարբեր թատրոններում: Ինչ վերաբերում է, թե որտեղ եմ ինձ առավել լավ զգում, ապա պետք է շեշտեմ, որ բեմն ու նկարահանման հրապարակը շատ տարբեր աշխարհներ են, բայց երկուսն էլ իմ մասնագիտությունն են: Չեմ կարող առանձնացնել, թե որն եմ առավել շատ նախընտրում, երկու աշխարհն էլ շատ եմ սիրում»: