14/05/2015 13:50
Ավետիսյանների գործ. Բոլոր առարկաների վրայի ԴՆԹ-ները 99,99 %-ով համապատասխանում են Պերմյակովի ԴՆԹ-ին
Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին փորձաքննությունների արդյունքները, որում փորձագետի եզրակացությունը բաղկացած է 143 էջից, սակայն կան հարցեր, որոնք դեռևս չեն պարզաբանվել:
«Կրակողը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, պարկուճներ կան նաև պատի մեջ, ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել, արձանագրվել են սվինային վնասվածքներ անկողնային պարագաների վրա: Պարզ չէ այն, թե տուժողներն ինչ դիրքում են գտնվել հրազենային կրակոց ստանալու պահին, որի պատասխան պետք է տա կրկնակի համալիր փորձաքննությունը: Գրեթե բոլոր հրազենային վնասվածքների դեպքում ինքնաձիգի փողը հորիզոնական է եղել, այսինքն` կրակելու համար բնական դիրքում»,-ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Մ. Պողոսյանի խոսքով` այս գործով հանկարծակիությունը բացառված է և առկա է դիտավորություն:
Ասուլիսիս մասնակից մեկ այլ փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ դեպքի վայրում առկա բոլոր առարկաների վրայի ԴՆԹ-ները 99,99 %-ով համապատասխանում են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին:
«Հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, ինչը, փորձաքննության տվյալների համաձայն, 99,99 %-ով Վալերի Պերմյակովինն է, ձմեռային համազգեստի օձիքին, դանակի պատյանի, գոտու և բռնակի վրա ևս հայտնաբերվել է Պերմյակովի ԴՆԹ-ն»,-ասաց Ե. Սարգսյանը:
Փաստաբանն Լուսինե Սահակյանի խոսքով` երկրորդ սենյակում գտնվող Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները՝ ընտանիքի պապիկն ու տատիկը, արթուն են եղել:
«Նկարներից պարզ է դառնում, որ Հասմիկ Ավետիսյանը հաստատ արթուն է եղել և նրա ոտքերը անկողնուց ներքև են եղել, պապիկը նույնիսկ պայքարել է, քանի որ նրա վրա, բացի հրազենային վնասվածքից, կային քերծվածքներ, բացի այդ, ինքնաձիգի խզակոթին առկա է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ի հետքերը»,-նշեց փաստաբանը:
Լ. Սահակյանը ասաց, որ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը նույնպես եղել է երկրորդ սենյակում, և մեկ վնասվածք է ստացել:
Լ. Սահակյանը նաև ասաց, որ ամենայն հավանականությամբ կրակել է մեկ հոգի, իսկ թե նրանից բացի այլ մարդ եղել է տարածքում, իրենք վերջնական տվյալներ չունեն:
Լ. Սահակյանի խոսքով` հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ում վերմակը բարձրացված է եղել, սակայն նա չի հասցրել տեղաշարժվել:
Երրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանի դին գետնին է եղել, իսկ Արաքսյա Պողոսյանը մահճակալում, գրկում` Սերյոժան:
«Գենետիկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ նրանք կտրող-ծակող գործիքից վնասվածքներ ունեն, և սվին դանակի վրայի արյան խառնուրդը համապատասխանել է փոքրիկ Սերյոժայի և Արաքսյա Պողոսյանի արյանը, մայրը Սերյոժային փորձել է իր մարմնով պաշտպանել»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ ըստ ամենայնի, առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում արդեն արթնացել են, բայց քանի որ տունը շատ փոքր է, որևէ բան չեն կարողացել անել: