16/05/2015 12:12
Մշակույթի նախարար. Կարևորագույն ձեռքբերումներից մեկը Կոմիտասի թանգարանի ստեղծումն էր
Ընթացիկ տարվա կարևորագույն մշակութային ձեռքբերումներից մեկը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ստեղծումն էր: Այս մասին այսօր հենց այդ թանգարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր էր մշակութային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավումը:
«Մասնավորապես՝ անցյալ տարի ԱԺ-ում ներկայացվեց թանգարնների մասին օրենքը: Հիմա էլ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակվում է կինոյի մասին օրենք, որը կներկայացվի կառավարությանը»,- ասաց Մշակույթի նախարարը:
Նա ընդգծեց՝ ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է և այստեղ շատ մեծ դեր ունի նաև մշակույթը:
«Այս տարվա ձեռքբերումներից կառանձնացնեմ նաև թանգարանային հուշարձանների, գորգերի, հայկական մամուլի և հայ գրքի շտեմարանների ստեղծումը: Որպես սրա շարունակություն՝ այս տարի որդեգրել ենք երեք ուղղություն՝ մշակութային արժեքների շտեմարանի ստեղծման, հայկական ֆիլմերի և օպերային թատրոնում գտնվող նոտաների թվայնացման աշխատանքները»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: