16/05/2015 13:09
Ինչպե՞ս ոստիկանությունից հայտնվել հեռուստատեսությունում. Գրիգոր Սուքիասյանի ճանապարհը
«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Սիրո գերին» հեռուստասերիալից շատերին ծանոթ Նորոյի կերպարը` Գրիգոր Սուքիասյանը, դերասանի ուղին ընտրել է պատահաբար. իսկ թե ի՞նչ մասնագիտություն ունի, ի՞նչ գործունեությամբ է զբաղվել և ի՞նչ պաշտոններ զբաղեցրել` նա պատմեց Aysor.am-ի հետ զրույցի ընթացքում:
-Գրիգոր, հեռուստադիտողը, կարծում եմ, Ձեզ առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սիրո գերին» հեռուստասերիալի միջոցով: Արդյոք մինչ այդ Ձեզ չենք հանդիպել դերասանի կարգավիճակում:
-Նկարահանվել եմ տարբեր գովազդներում, հեռուստասերիալներում: 2012 թվականին մասնակցել եմ Էրեբունի-Երևան միջոցառմանը` մարմնավորելով Արգիշտի թագավորի զարավարին: Տարբեր էպիզոդիկ ու փոքր դերերում եմ հանդես եկել, նկարահանվել եմ նաև «Կյանքի գինը» հեռուստասերիալում:
-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Ոչ, մասնագիտությամբ իրավագետ եմ:
-Երբևէ աշխատե՞լ եք այդ ոլորտում:
-Այո, աշխատել եմ ՀՀ ոստիկանությունում` որպես Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքի ոստիկաապետի օգնական, այնուհետև Երևան քաղաքի քրեական հետախուզության պետի օգնական:
-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք դերասանի ճանապարհը:
-Պատահական ստացվեց, երբեք ինձ այդ ասպարեզում չեմ պատկերացրել: Արմենիա հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա նկարահանվել «Կյանքի գինը» սերիալում: Այդտեղից ամեն ինչ սկսվեց…
-Իրավագիտություն-դերասանություն. բավական տարբեր աշխարհներ են, տարբեր բնավորություններ են պահանջում: Ինչո՞վ են միմյանց լրացնում, օգնում կամ խանգարում:
-Իհարկե, տարբեր աշխարհներ են, բայց միմյանց խանգարել չեն կարող, քանի որ ես այսօր իրավագիտությամբ չեմ զբաղվում: Դերասանական գործունեության մեջ ինձ համար ավելի հարազատ ինչ-որ բան եմ զգում:
-Հատկապես ե՞րբ զգացիք, որ ոչ հոգեհարազատ մասնագիտություն եք ընտրել:
-Երբ սկսեցի նկարահանվել, ամեն ինչ փոխվեց: Երևի ճակատագիր էր, չգիտեմ: Այդ օրվանից հասկացա, որ մասնագիտական սխալ ընտրություն եմ կատարել…
-Ի՞նչը Ձեզ գրավեց դերասանի աշխատանքում: Գուցե ճանաչումն ու փա՞ռքը:
-Չէի ասի` փառքն ու կարիերան: Պարզապես, դերասանությունը հոգեվիճակ է: Մարդն ինքն իր մեջ փոխվում է, ինչն արդեն հետաքրքրություն է:
-Մտածո՞ւմ եք Թատերական ինստիտուտում սովորելու մասին:
-Երազում եմ այդ մասին, շատ եմ ցանկանում և երբեք սովորելու համար ուշ չեմ համարում:
-Գրիգոր, ի՞նչ եք կարծում, հե՞շտ, թե՞ դժվար է դերասանի մասնագիտությունը:
-Հեշտ չէ, իհարկե, շատ բարդություններ ունի, բայց միևնույն է, ինձ համար մնում է ցանկալի և հաճելի: Արվեստի այլ ճյուղերի պես, կարծում եմ, այստեղ ևս բնատուր շնորք է պետք:
-Չունենալով դերասանի պրոֆեսիոնալ կրթություն` բավական հաջող եք ներկայացնում հիվանդ տղայի կերպարը: Բարդ չէ՞:
-Բարդությունն այն է, որ մտնում ես այդ կերպարի մեջ և փորձում մարմնավորել հիվանդ, բայց միևնույն ժամանակ հոգով հարուստ և զգացմունքներով լի տղայի: Դա, կարծում եմ, շատ է տարբերվում սովորական կերպարներից:
-Ովքե՞ր են Ձեր ընկերները:
-Իմ ընկերական շրջապատում տարիքային սահմանափակում չկա: Ունեմ ինձանից և́ մեծ, և́ փոքր, և́ իմ տարիքի ընկերներ: Բոլորի հետ էլ սիրով եմ շփվում:
-Դերասան ընկերներ ունե՞ք:
-Այո, Սևակ Սանթրոսյանը, Տիգրան Մնացականյանը և շատերը:
-Ինչպե՞ս եք սիրում անցկացնել հանգիստը:
-Երբ հանգիստ եմ լինում, օրս նվիրում եմ երեխաներիս, ընկերներիս: Երբեմն այցելում եմ սպորտային սրահներ, լողի: Համենայնդեպս, հագեցած առօրյա եմ ունենում:
-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Շատ աշխույժ եմ, բայց` ոչ ագրեսիվ: Սիրում եմ ուրախանալ և տարածել այն շրջապատիս վրա: Գերադասում եմ, որ ամենուր բարություն և համերաշխություն լինի:
-Վերջերս տեղեկացա, որ բարեգործությամբ եք զբաղվում, տարբեր հաստատություններ օգնություն եք տանում:
-Չէի ցանկանա դա բնորոշել որպես բարեգործություն, ավելի շուտ կասեմ, որ դա հոգու պարտք է, պարտք` Աստծո առաջ: Ես ընդամենն այցելել եմ մանկատներ և իմ փոքրիկ նվերներով ուրախացրել երեխաներին: Նման մտահղացում միշտ եմ ունեցել, իսկ երբ մտահղացմանս միացան նաև Ամերիկայում գտնող ընկերներս, այն կյանքի կոչեցինք: Բոլոր երեխաներն իրավունք ունեն ուրախանալու և տաքուկ լինելու, ինչպես իմ և շատերի երեխաները:
-Գրիգոր, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Սիրահարվա՞ծ եք:
-Սիրահարված չեմ, սիրահարվելն ակնթարթ է, հետո արդեն սիրում ես…Ես սիրում եմ սիրահարվել: Իսկ սերը շա~տ գեղեցիկ զգացմունք է, որը փայփայել և պահպանել է պետք (ժպտում է): Ունեմ ծնողներ, ովքեր եղել են, կան ու կշարունակեն մնալ ինձ համար աստվածային էակներ: Ամուսնացած եմ, ունեմ երկու բալիկներ:
-Ձեր կինն այնպիսին է, ինչպիսին երազե՞լ եք:
-Այո, նա այնպիսին է, ինչպիսին կցանկանայի, որ լիներ:
-Ունե՞ք երազանքներ, նպատակեր:
-Այս կյանքում բոլորն էլ ունեն երազանքներ: Իսկ նպատակներն արժեքավոր են, երբ այն իրագործում ես: Ես ձգտումներ ունեցող մարդ եմ և համոզված եմ, որ նպատակներս կիրականացնեմ: Բնականաբար, առաջնահերթ, Աստծո կամոք:
-Հաճա՞խ եք հիասթափվում:
-Պատահում են նման դեպքեր: Սակայն, ասեմ, որ դրանում ինձ եմ մեղադրում. Նվիրվում եմ հոգով` անտեսելով դիմացինիս ով լինելը:
-Ի՞նչը չեք ներել կամ չեք ների կյանքում…
-Երևի թե անհավատարմությունը չեմ ների: Չգիտեմ, դեռ նման բանի չեմ հանդիպել: Ճիշտ է, շրջապատում նման դեպքեր եղել են, բայց անտեսել եմ: Մտածել եմ` թող Աստված ների: Բոլորս էլ մահկանացու ենք և Աստծու առջև ենք պատասխան տալու: