16/05/2015 16:42
Ինձ համար երազանքի պես բան էր, ուրախ եմ, որ կարողացա գնալ. Հայ հայտնիները՝ թանգարանային մշակույթի մասին
Մայիսի 16-ին Հայաստանում մեկնարկում է «Թանգարանային գիշերները»: Aysor.am-ը հայ հայտնիներից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հետևում թանգարանային մշակույթին, վերջին անգամ ե՞րբ և ո՞ր թանգարանում են եղել և որտե՞ղ կցանկանային այցելել:
Ագնեսա Շահնազարյան. դերասանուհի
Իհարկե, շատ եմ սիրում թանգարաններ այցելել: Ցանկացած երկիր մեկնելիս աշխատում եմ անպայման լինել այդ երկրի թագարանում… Այդ շարքից վերջինն Էրմիտաժն է եղել, նախորդ տարի եմ այցելել: Ի դեպ, դա ինձ համար երազանքի պես մի բան էր, ուրախ եմ, որ կարողացա գնալ: Իհարկե, անհնարին էր մեկ օրում ամբողջությամբ ուսումնասիրել, բայց, այնուամենայնիվ, հիացած էի: Իսկ հիմա երազում եմ լինել Լուվրում…
Կարապետ Բալյան. դերասան
Ժամանակ առ ժամանակ հաճախում եմ թանգարաններ: Վերջին անգամ եղել եմ Չարենցի տուն-թանգարանում: Ընդհանրապես, ես պաշտում եմ Չարենց և այդ պատճառով ամեն փոքրիկ առիթի դեպքում գնում եմ իր տուն-թանգարան: Շատ տեղեր կան, որ կցանկանայի լինել: Ցանկացած թանգարան էլ իր մեջ պատմություն ունի, ու միշտ էլ հետաքրքիր է իմանալ այդ պատմությունը: Բայց առաջին առիթի դեպքում կգնամ Լիվերպուլ` Բիթլների թանգարան: Նաև Ամստերդամ` Աննա Ֆրանկի տուն-թանգարան:
Գրիգորի Հակոբյան. դերասան
Միչև ԱՄՆ մեկնելս այցելեցի Թումանյանի տուն-թանգարան: Շատ կցանկանամ հնարավորություն ունենալ` այցելել աշխարհի բոլոր թանգարանները:
Էլլա Տարունց. երգչուհի
Չեմ կարող ասել, որ ակտիվորեն հաճախում եմ թանգարաններ, բայց չեմ էլ անտեսում թանգարանային կուլտուրան: Վերջին անգամ թանգարան այցելել եմ Բրյուսելում` Երաժշտական գործիքների թանգարան, իսկ Բարսելոնայում տարբեր թանգարաններ եմ այցելել:
Աննա Հարությունյան. դերասանուհի
Վերջերս ժամանակակից կոլաժիստ-նկարչի արվեստանոցում էի, որը գտնվում է Երևանում: Մտքի, գիտության, արվեստի նման հոգևոր ներդաշնակություն վաղուց չէի տեսել: Հպարտ եմ, որ ժամանակակից ստեղծագործողների մեջ նման անհատեր կան: Իսկ այսօր նախատեսել եմ այցելել Փարաջանովի և Քոչարի տուն-թանգարաններ: Կարծում եմ՝ հրաշալի, զգոն երիտասարդություն ունենք, ովքեր իրենց անառողջ մասերն անմիջապես հեռացնում են: Զգում եմ, որ առաջիկայում երիտասարդներն առավել կհետաքրքրվեն թանգարանային մշակույթով: