17/05/2015 21:35
Թամար Կապրելյանի հեղինակած երգը` «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հավատարիմ մնալով «Եվրատեսիլի» այս տարվա` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին, հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի այս տարվա մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ:
«Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաև Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի ներկայացուցիչներն այսօր ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է: Երգը կրում է «The otherside» (Մյուս կողմը) խորագիրը:
Երգի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնելու մասնակիցների միջև առկա շփումը:
«Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետև այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք իհարկե, բայց երաժշտությունը մեծ և ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները և փակում առկա ճեղքերը: Հուզմունքս և պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:
Երգը խաղաղության և միասնության կոչ է, ինչպես նաև յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: