18/05/2015 11:11
Հայ բռնցքամարտիկները Խաբարովսկում 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում կայացած Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով, ընդ որում այդ` մեդալներից 2-ը ամենաբարձր հարգի են:
Ի դեպ, Խաբարովսկում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը միակն է եղել, որի բոլոր բռնցքամարտիկները բարձրացել են պատվո հարթակ:
Կոնստանտին Կարատկովի անվան միջազգային մրցաշարում իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը: Հատկապես ուրախացնող է գերծանր քաշային կարգում մեր նվաճումը, քանզի այս քաշային կարգում Հայաստանը երկար ժամանակ ոսկե մեդալ չէր նվաճել:
Հաջող ելույթ է ունեցել նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս է եկել եզրափակիչ և միայն եզրափակչում կրելով միակ պարտությունը արժանացել է արծաթե մեդալի: Կոնստանտին Կարատկովի անվան մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է նաև 2 բրոնզե մեդալ:
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: