18/05/2015 13:48
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն. Վերնիսաժում ազատ վաճառվում են հնագիտական արժեք ունեցող իրեր
Վերնիսաժում ազատ վաճառվում են տարբեր ժամանակաշրջանների պատկանող հնագիտական արժեք ունեցող կերամիկական ու բրոնզե իրեր և շատ կարևոր է դրանք թանգարաններ բերելը: Այս մասին այսօր Թանգարանների միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Նրա խոսքով՝ նման խնդիրների կարգավորումը ինքը տեսնում է թանգարանների մասին օրենքի ընդունմամբ, որով կհստակեցվի, օրինակ, ինչ տեղեկատվություն պետք է ներկայացնեն Հայաստանի թանգարաններ այցելող զբոսաշրջիկներին:
«Մեզ շատ հետաքրքրում է՝ Հայաստան որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել և մենք ի՞նչ ենք մատուցում մեր թանգարաններ այցելուներին, ինչ սկզբունքով էքսկուրսավարները պետք է զբոսաշրջիկներին ներկայացնեն տեղեկույթները: Օրինակ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում շատ պատմաբաններ նկատողություն են անում, թե ինչո՞ւ եք ասում Ուրարտու, մյուսներն էլ հակառակը, նշում են, որ պետք է ասել` Ուրարտու»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը մեկ միասնական տեսակետ է ակնկալում այդ հարցում: