18/05/2015 10:00
Ի՞նչ հագնել այս սեզոնին՝ ամենանորաձևը լինելու համար
Գարունը շուտով իր իրավունքները կզիջի ամռանը, սակայն եղանակային պայմանները շատերին թույլ չտվեցին հագուստերի գարնանային տեսականին լիովին ցուցադրել: Ո՞րն էր 2015 թվականի գարնան «ճիչը», և ի՞նչ է հուշում այս տարվա ամառը` Aysor.am-ը հետաքրքրվեց դիզայներ-ոճաբան Արփինե Կոշտոյանից: «Այս տարվա գլխավոր թրենդներից են համարվում ամառային ժակետները, հատկապես, երբ դրանք կիսաթափանցիկ են կամ նուրբ գործվածք ունեն: Պետք է պարտադիր maxi բոյ ունենան (մինչև կոճերը հասնող փեշեր), կամ, գոնե midi (ծնկի տակից): Ժակետների թեմայի շարունակությունը ժիլետներն են: Գարնան սկիզբն ազդարարվեց վերարկուանման ժակետներով, որոնք դրապից էին, այնուհետև փոխարինեցին պլաշովկաները, գործվածքները: Իսկ ամռանը ակտուալ կլինեն շիֆոնե ժիլետները»:
Մեր զրւցակցի հավաստմամբ` սրանք այս տարվա նորաձև կտորներն են, որոնք կարող են նաև համադրվել խելահեղ միքսերով. «Երբ խառնվում են տարբեր փրինթներ և գործվածքներ, դառնում է էկլեկտիկ ոճ, որը նույպես շատ գործածական է համարվում: Ձևվածքներից նորաձև են պարզ, ուղիղ ձևվածքները»:
Ի տարբերություն նախկինում ժամանակակից համարվող մարմինը կիպ կրկող հագուստերի, այս տարի նորաձև են լայն շորերը: «Թե ժիլետների, թե մյուս հագուստների դեպքում այս տարի պետք է մոռանալ մարմնի վրա կիպ նստող հագուստների մասին. նորաձև են թույլ, մարմնի վրա «խաղացող», ինչու ոչ, նաև թափանցող կտորները և ձևվածքները: Նույն սկզբունքն է գործում նաև տաբատների դեպքում. այլևս խորհուրդ չի տրվում կրել նեղ տապատներ: Նորաձևությունը գնալով ավելի ընդարձակ և կանացի է դառնում: Պետք է կրել թեթև կտորներից լայն տաբատներ, որոնք շատ ակտուալ են հատկապես կիսաթափանցիկ վերնաշապիկների հետ»,-պարզաբանեց ոճաբանը:
Վերնաշապիկները պետք է լինեն մինիմալիստական ձևվածքով, բայց լայն թևերով: Նույնը կարելի է ասել նաև բլուզների մասին. «Դրանք կարելի է կրել թավշե ժիլետների հետ, կամ ուղղակի այնպիսի ժիլետի, որը կունենա իր մեջ որոշ թավշե դետալներ կամ զամշե բախրամաններ»:
Պայուսակներից այս տարի նորաձև են նաև զամշե բախրամաներով պայուսակները: Կոշիկներից` երկարաճիտք ամառային կոշիկները, որոնց վրա ևս կլինի բախրամա. «Ասեմ, որ շատ նորաձև են դարձել բոթասները: Ժամանակակից է դիտվում, երբ կրում ես զգեստ` բոթասներով, նաև դասական Midi կիսաշրջազգեստների հետ»:
Արփիե Կոշտոյանը հիշեցրեց, որ նորաձևությունն արվեստ է, որքան յուրօրինակ միքսեր լինեն, այնքան լավ. «Այս ամենը կարելի է խաղարկել և ստեղծել հետաքրքիր «look»-եր: Այդ ամենի համար պետք է ուղղակի գտնել մեզ բնորոշ տարրերը, դառնալ նորաձև, բայց միևնույն ժամանակ չկորցնել սեփական «ես»-ը, ոճի ճիշտ զգացողությունը»:
Անդրադառնալով գունային գամմաներին` մեր զրուցակիցը նշեց, որ նորաձև են բոլոր «պաստելային» գույներն ու դրանց համադրությունը. «Այս հարցում մեր բախտը բերել է, քանի որ մենք թխամաշկ ազգ ենք: Այս երանգները սազում են մեզ: Ասեմ, որ նորաձև են համարվում նատուրալ «make up»-ները, երբ տպավորություն է ստեղծվում, որ կինը շպարված չէ, բնականին մոտ վիճակ է: Գեղեցիկ են նայվում մազերի ուղիղ, կտրուկ կտրվածքները, բայց ոչ երկար վարսերը: Մազերի ամենաերկար չափսը պետք է հասնի ուսերին: Կարճ սանրվածքներն են նորաձև»:
Դիզայներ-ոճաբանը մեր զրույցի վերջում ամեն դեպքում նշեց, որ կնոջ գեղեցկության չափանիշը առաջնահերթ կանացիությունն է. «Եղեք միշտ կանացի և ինքնավստահ»: