19/05/2015 10:47
Գ. Սահակյան. Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար
Քիչ առաջ Ազգային Ժողովում մեկնարկեց ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Ողջունելով օտարերկրյա պատվիրակներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ելույթում անդրադարձավ Եվրոպայի խորհրդի առաջ ծառացած այնպիսի մարտահրավերներից, ինչպիսին են անհանդուրժողականությունը.
«Ցավոք, 21-րդ դարում այդ երևույթը օրակարգային է: Այն ծնում է ռասիզմ, բռնություն, որն էլ ի վերջո վեր է ածվում հակամարտությունների:
Հայ ժողովուրդը իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, հենց դրա հետևանքով հայ ժողովուրդը իր վրա զգաց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- նշեց ԱԺ նախագահը՝ շեշտելով, որ այսօր էլ Հայաստանը դա զգում է հարևան Ադրբեջանի կողմից դրսևորվող այլատյացության առումով:
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այն սերմանում է բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: Եվ հորդորեց.
«Մեր բոլորիս պարտք է մեր ուժերը համախմբել հանուն ապագայի: Ամբողջ աշխարհը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար»,- հավելեց իր ելույթը ԱԺ նախագահը: