19/05/2015 15:55
Ժիրայր Դադասյան. Վրաստանում ներկայացումից հետո ստացանք շատ շնորհավորանքներ
Մնջախաղի միջազգային օր սահմանելու հետ կապված հայտը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ նշելով, որ հարցը վերջերս քննարկվել է Վրաստանում անցկացված մնջախաղի միջազգային փառատոնի ժամանակ:
Խոսելով փառատոնի մասին՝ Ժիրայր Դասայանը նշեց, որ այն անցել է հրաշալի մթնոլորտում և մենք կարողացել ենք ներկայանալ շատ լավ:
«Վրաստանում ներկայացրել ենք «Շերամիկ» ներկայացումը: Փառատոնը մրցութային չէր, բայց ներկայացումից հետո ստացանք շատ շնորհավորանքներ»,- ասաց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նրա խոսքով՝ վրացական մնջախաղն ավելի դասական է, իսկ մենք ավելի շատ կենտրոնացած ենք թատրոն երևույթի, բեմադրության վրա, մարմնի լեզվով փոխանցելու դրամատուրգիական ամբողջ ընթացքի վրա:
«Հետաքրքիր է, որ մեզ այնտեղ մոտենում էին, շնորհավորում ու ասում՝ սա մնջախաղ չէ, սա թատրոն է»,- ամփոփեց Ժիրայր Դադասյանը: