19/05/2015 15:30
«Համեմատած նախորդ տարիների` թատրոն այցելող հանդիսատեսը նվազել է»
«2014 թվականին նախատեսել էինք ունենալ 80-ից ոչ պակաս ներկայացնում և 35 940 հանդիսատես, սակայն ունեցել ենք 92 ներկայացում և 37 259 հանդիսատես: Համեմատած նախորդ տարիների` թատրոն այցելող հանդիսատեսը նվազել է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը:
Բանախոսը հանդիսատեսի թվաքանակի նվազումը պատճառաբանեց մի շարք հանգամնքներով. մարդկանց սոցիալական անբարենպաստ վիճակ, բնակչության թվաքանակի նվազում, գովազդի պակաս…Նրա հավաստմամբ` հիմնականում մտավորականներն են գալիս թատրոն, ովքեր ապրում են ֆինանսական ծանր պայմաններում. «Տարիներ առաջ 8-ից բարձր դասարանների աշակերտները մշտական հանդիսատեսի մի մասն էին կազմում, ինչն այժմ արգելված է: Բայց այդպես դաստիարակվում էր վաղվա հանդիսատեսը: Հատկապես, որ երեխաներն այսօր սեր չունեն ընթերցանության հետ»:
Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը համոզված է, որ մեր երկրում տարվում է «Հայաստանն առանց հայերի» քաղաքականություն: «Դա լավ մշակված ծրագիր է: Վաղը հանդիսատեսին ընդհանրապես ենք կորցնելու, «հրամայված» է երեխաներին չբերել թատրոն»,- նշեց նա:
Սակայն մեր երկրորդ բանախոսը չմոռացավ ընդգծել նաև հանդիսատեսին գրավելու միջոցներ գտնելու փաստը: «Փառատոներ պետք է կազմակերպել: Օրիակ, նախկինում հույները ներկայացման տոմսի հետ նաև հացի կտրոն էին տալիս, ինչը նպաստում էր հանդիսատեսի թվաքանակի աճին, հետաքրքրություն և շահագրգռվածություն էր առաջանում: Թող հիմա էլ թատրոնի տոմսը հազար դրամ չլինի, այլ հազար հարյուր դրամ»,- եզրափակեց Նիկոլայ Ծատուրյանը: