19/05/2015 20:48
Ինչպես նա, այդպես և ես` ամեն ինչի պատրաստ եմ հանուն սիրո. Դավիթ Աղաջանյան
Aysor.am-ի զրուցակիցը «Ֆուլ հաուս» սիթքոմում Տիգրանին մարմնավորող Դավիթ Աղաջանյանն է: Որքանո՞վ է տարբերվում Դավիթն իր կերպարից և ինչո՞վ է պայմանավորված կատակերգական ժանրում նրա լուրջ դերակատարությունը` ճշտեցինք իրենից:
-Դավիթ, ինչպե՞ս է` գեղարվեստական ֆիլմերում Ձեզ չենք հանդիպում:
-Պատճառը միայն այն է, որ դեռևս նման առաջարկ չեմ ստացել: Ստանալու դեպքում մեծ հաճույքով կհամագործակցեմ:
-Այսօր, չնայած կատակերգական ժանրում եք նկարահանվում, սակայն բավական լուրջ կերպարում եք հանդես գալիս: Դա Ձեր տեսա՞կն է, թե՞ դերի բնույթը:
-Իմ կերպարի հումորային մասը հենց նրանում է, որ Տիգրանը լուրջ, չափից լուրջ անձնավորություն է, բայց շրջապատված է հումորով և հայտնվում է հումորային իրավիճակներում: Նա չի ընկալում այդ իրավիճակները, հայկական գաղափարները: Այնպես որ, կերպարիս հումորը հենց կերպարիս լրջությունն է:
-Փաստորեն, դա Ձեր տեսակը չէ, այլ` դերի բնույթը:
-Այո, այս պարագայում տեսակի հարց չկա: Սա կերպարիս հոգեբանությունն ու հավասարակշիռ պահվածքն է:
-Իսկ իրականում դուք բնավորությամբ ինչպիսի՞ն եք: Տիգրանին որքանով եք նման կամ տարբեր:
-Ես երկու կողմ ունեմ, երկու տեսակ եմ լինում. կամ շփվող ու մարդամոտ եմ, կամ ինձ բոլորովին հեռու, չշփվող և շատ սառն եմ պահում:
-Եվ ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերությունը:
-Տվյալ շրջապատով և պահով:
-Դուք մասնագիտությամբ իրավաբան եք և մոդել, արդյոք ձեր հետաքրքրությունն այդ ասպարեզներում սպառվել է:
-Իրավաբանությամբ չեմ զբաղվում, իմ կարծիքով` չեմ էլ զբաղվի:
-Ինչո՞ւ:
-Այդ մասնագիտության մեջ չկա ոչինչ, որն ինձ հաճույք կպատճառի և առաջընթացի մղում կտա:
-Դավիթ, դուք ծնունդով Հայաստանի՞ց եք:
-Ծնվել եմ Մոսկվայում, սակայն հետո տեղափոխվել եմ Երևան: Ապրել և մեծացել եմ «Բոքսի հայաթում»:
-Չե՞ք մտածում դերասանի պրոֆեսիոնալ մասնագիտություն ստանալու, թատերական ինստիտուտում սովորելու մասին:
-Մտածում եմ, ամենայն հավանականությամբ կստանամ դերասանի մասնագիտություն:
-Հանրային ճանաչում ունեցող մարդիկ հաճախ ենք քննադատությունների, քննարկումների թիրախ դառնում: Ձեր անվան շուրջ հաճա՞խ եք լսում խոսակցություններ:
-Մարդիկ են սև փիարով իրենց դարձնում թիրախ, դրա համար էլ այդ խոսակցությունների մեջ են ընկնում: Ժողովրդի հետ պետք է լինել անկեղծ և անմիջական, մարդիկ սիրում են, որ արվեստի տարբեր ճյուղի ներկայացուցիչներ, հայտնի մարդիկ, շփվող ու անկեղծ են լինում, կյանքում չեն խաղում: Այնպես որ, ես անկեղծ եմ և հաճախ չեմ լսում բացասական խոսակցություններ իմ մասին:
-Իսկ լսելու դեպքում նեղվո՞ւմ եք, թե՞ բնական եք ընդունում այդ խոսակցությունները:
-Եթե նման խոսակցություններ լինում են, ապա համարում եմ, որ մարդիկ էլ անկեղծ են և իրականությունն են ասում: Փորձում եմ իմ մեջ փոխել այն գիծը, որը խոսակցության առիթ է տվել:
-Ձեզ հումորով մարդ համարո՞մ եք:
-Ճիշտն ասած` ըստ իս, շատ հումորով չեմ, բայց շրջապան ինձ հումորով է համարում:
-Ի դեպ, գո՞հ եք դերասանի մասնագիտությամբ վաստկած Ձեր աշխատավարձից:
-Երբ արվեստը ապահովում է այն հոնորարը, որը քեզ գոհացնում է, հենց այդտեղ արվեստը դառնում է բիզնես: Ինձ համար կարևորն այն է, որ հաճույք ստանամ իմ աշխատանքից:
-Դավիթ, սիթքոմի Ձեր կերպարը հանուն սիրած անձնավորության պատրաստ է խենթությունների: Ինքներդ ի՞նչ խենթությունների եք պատրաստ հանուն սիրած մարդու:
-Այ այդ հարցում նման եմ կերպարիս. Ինչպես նա, այդպես և ես` ամեն ինչի պատրաստ եմ հանուն սիրո:
-Արտաքինի շնորհիվ, կարծում եմ, դժվար չէ աղջիկների սիրտը գրավել: Իսկ «սրտեր կոտրելու» վարպե՞տ եք:
-Չեմ ուզում խոսել «սիրտ կոտրելու» մասին, մի քիչ անհամեստ կհնչի (ժպտում է):
-Հեշտությա՞մբ եք ընկերներ ձեռք բերում:
-Ընկերեր` ոչ, բայց ծանոթներ` այո: Ընկերներս նրանք են, որոնց հետ ճանապարհ ենք անցել ու հասել ինչ-որ աստիճանի:
-Գործնականում խնդիրների դեպքում նախընտրում եք հեռանա՞լ, թե՞, ամեն դեպքում, աշխատանքն անհրաժեշտություն է ու պետք է շատ բան «կուլ տալ»:
-Ոչ, խնդիրները «կուլ տալ» պետք չէ: Դրանք նրա համար են, որ լուծես: Ինձ մոտ լավ է ստացվում խնդիրները լուծել դիվանագիտական տեսանկյունից:
-Ունե՞ք սեփական բիզնես, կամ մտածո՞ւմ եք բիզնես հիմնելու մասին:
-Այո, ունեմ սեփական բիզնես, բայց այդ մասին խոսել, մանրամասնել չեմ ցանկանում…