19/05/2015 19:00
Ոչ թե ճշտի ու լավի ջատագովը եղանք, այլ կուլ գնացինք օտար քամիներին և հաստափոր դրամապանակներին
Երգահան Մարինա Թագակչյանն, ով գրեթե մեկ տարի առաջ վայելեց մայրության բերկրանքն, արդեն վերադարձել է աշխատանքային ռիթմին: Այժմ վարում է տարբեր կորպորատիվ միջոցառումներ, համերգային ծրագրեր ու հարսանյաց հանդեսներ: Aysor.am-ի այն հարցին, թե լավ երաժշտությունն այսօր որքանո՞վ է պահանջված, և արդյոք երգիչները լավ երգ գնելու համար գումար ծախսո՞ւմ են, նա պատասխանեց. «Լավ երաժշտություն ասվածն այսօր հարաբերական հասկացողություն է դարձել:
Ճաշակն ու պահանջարկը մեր օրերում շատ անհասկանալի է: Լավ արտահայտությունն այսօր փոխակերպվել է «կայֆոտ», «գժոտ», «լացցնող» և այլ նմանատիպ դրսևորումներով, արտահայտտչամիջոցներով: Վստահաբար, կարող եմ նշել, որ որակյալ մեղեդու և խոսքի համար գումար չի ծախսվում: Հետևաբար, մենք` երգահաններս (մեծամասնությունը), թմբիրի մեջ ենք: Հուսամ` ժամանակավոր»:
Հաղորդավարուհի-երգահանը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ: Նման հաստատությունները, կազմակերպություներն այսօր քիչ չեն: Արդյոք այն եկամտաբեր բիզնես է: «Այդ գործով զբաղվում եմ իմ պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ: Ապահովում ենք թե́ բարձր որակ, թե́ պրոֆեսիոնալ մոտեցում, և թե բարեխիղճ և պարտաճանաչ աշխատանք: Տիգրան Հարությունյանն ու պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանն, ովքեր իրենց գործի գիտակն են, մեծ մասն են կազմում այս, այսպես ասած, բիզնեսի… Իսկ արդյունքների մասին կարող են փաստել մեր բոլոր պատվիրատուները»,- նշեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կարելի է հայկական էստրադային վերադարձնել երբեմնի շուքը. «Ինչպես տան մաքրությունը պետք է սկսել դռան շեմից, այդպես էլ անճաշակությունն ու ռաբիսությունը պետք է մաքրել գիտակցության միջից: Ցավոք, դրա համար պետք է աշխարհընկալումը փոխել, ճանաչել պատմություն, կարդալ և ուսումնասիրել երաժշտության պատմությունը: Կամ, պարզապես, պետք է վստահել այն քիչ մնացած մտավորականներին, որոնց ձայնը, ցավոք, այսօր անլսելի է: Շատ թուլացրեցինք վերահսկումը, շատ «ջուր հոսեց»: Վախենում եմ, որ այդքան շատ էլ ժամանակ է հարկավոր»:
Մեր այն դիտարկմանը, թե ո՞ւմ մեղքն ենք տեսնում երաժշտական ճաշակի առումով կորցված սերնդի հարցում, Մարինա Թագակչյանը պատասխանեց. «Մեր` այդ ժամանակահատվածում ստեղծագործող երգահաններիս: Մենք կամ թույլ ու անհետևողական գտնվեցինք, կամ եսասեր ու անսկզբունք: Ոչ թե ճշտի ու լավի ջատագովը եղանք, այլ Պարոնյանի հայտնի պիեսի անվանը համապատասխան` կուլ գնացինք օտար քամիներին և հաստափոր դրամապանակներին: Պարզ է, մենք օդով չէինք սնվելու, բայց արդյուքում ժառանգություն մնաց այն, ինչ կա»: