21/05/2015 16:07
Գնելով 1 գիրք՝ կարող ես կարդալ շուրջ 30-ը. Դպրոցականների համար մեկնարկում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը
Այս տարվա հունիսի մեկից մայրաքաղաքում, մարզերում և Արցախում կմեկնարկի «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը: Դրա շրջանակներում բոլոր առաջատար գրախանութներում կտեղադրվեն գրապահարան-տնակներ, որոնցից «Ամառային ընթերցանություն» նշումով մեկ գիրք գնելու դեպքում դպրոցահասակ երեխաները կդառնան ծրագրի մասնակից ու հնարավորություն կունենան ամբողջ ամառվա ընթացքում անվճար փոխանակել գիրքը գրապահարանի մյուս գրքերով:
«Ամառային ընթերցանություն-2015»-ի մասին Aysor.am-ը զրուցել է «Զանգակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանի հետ:
-Լեյլա, քանի՞ տարի է անցկացվում ծրագիրն ու ի՞նչ պայմաններով երեխաները կարող են դառնալ դրա մասնակիցը:
-«Ամառային ընթերցանություն» ամենամյա ծրագիրը մեկնարկել է 2014-ի հունիսի 1-ին և շարունակվել մինչև օգոստոսի 31-ը:
Այս տարի նույնպես հունիսի 1-ից հանրապետության 25 գրախանութներում կներկայացվեն գրապահարան-տնակներ: Յուրաքանչյուր այցելու այդ գրատնակից ձեռք բերելով մեկ գիրք՝ դառնում է ծրագրի մասնակից, ստանում է հատուկ քարտ, ինչն էլ նրան մի շարք արտոնություններ է ընձեռում:
Ծրագրի պաշտոնական կայքում ընթերցողը կունենա իր էջը, որտեղ կկարողանա նշել իր կարդացած գրքերը, դրանց մասին մեկնաբանություններ գրել, քննարկել:
Ամառվա երեք ամիսների ընթացքում ընթերցողը կլինի հետաքրքիր, գրական միջավայրում՝ մասնակցելով ծրագրի թվով 20 գրական հանդիպումներին: Հանդիպումների ընթացքում լինելու են գրական և թատերական միջոցառումներ, գրքերի քննարկումներ:
-Անցյալ տարվա ծրագրից հետո ի՞նչ արձագանքներ ստացաք երեխաներից ու ծնողներից:
-Արձագանքը թե՛ երեխաների և թե՛ ծնողների կողմից միայն դրական էր: Գրական հանդիպումների ժամանակ շատ ծնողներ գրքերի քննարկմանը մասնակցելու ցանկություն էին հայտնում: Հետաքրքիր ընտանիքներ ենք բացահայտել, որ ծրագրի ժամանակ մեզ պատմում էին, թե ինչպես են տան բոլոր անդամներով գիրքը ընթերցել և հետո միայն փոխանակել մյուսով:
-Ի՞նչ արդյունք տվեց «Ամառային ընթերցանություն 2014»-ը:
2014-ի ծրագրին մասնակցեցին հարյուրավոր երեխաներ՝ 52-ը ճանաչվեցին ակտիվ, 21-ը՝ լավագույն ընթերցողներ: Առաջին տարվա համար մեզ ոգեվորող ցուցանիշ է:
«Ամառային ընթերցանության» գրատնակները լավագույն ընթերցողների շնորհիվ տեղափոխեցինք իրենց դպրոցներ՝ հնարավորություն տալով դպրոցականներին 6 ամիս շարունակ ընթերցել ծրագրի բոլոր գրքերը:
Ինչպես նաև լավագույն ընթերցողների մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպեցինք հենց իրենց դպրոցներում:
Ի դեպ՝ միանալով «Ամառային ընթերցանություն» 2015-ին՝ 2014-ի մասնակիցները կստանան հատուկ նվեր՝ «Ընթերցողի օրագիր 2015» գունագեղ գրքույկը, որի համար անհրաժեշտ կլինի հանձնել «Ամառային ընթերցանություն» 2014-ի քարտը ծրագրին մասնակից որևէ գրախանութում:
-Հետաքրքիր է, իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում ծրագրի գրատնակում տեղ գտնող գրքերը:
- Ծրագրի գրքերը «Զանգակ» հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են՝ հիմնականում թարգմանական գրականություն. Գրքեր, որոնք առաջին անգամ են բնագրից հայերեն թարգմանվել՝ «Լյոնեբերգացի Էմիլը», «Փոքրիկ արքայադուստրը», «Փիթրը և Վենդին», «Երկարագուլպա Պիպին», «Վինի Փու արջուկը, «Քամին ուռիների մեջ»…
Բացի նշված վերնագրերից՝ ամառվա ընթացքում ծրագրին կմիանան նաև նոր գրքեր:
Նպատակն է՝ հնարավորություն տալ ընթերցողներին մեկ գրքի համար վճարելով կարդալ մոտ 30 գիրք:
-Կա՞ ծրագրին մասնակցելու տարիքային սահմանափակում:
-Նախատեսված է բոլոր դպրոցականների համար: Տառաճանաչ, ինքնուրույն կարդացող երեխաներից մինչև պատանեկան տարիքը ներառյալ:
-Իսկ ավելի հստակ, ո՞ր գրախանութներում դպրոցահասակ երեխաներն ու նրանց ծնողները կկարողանան գտնել «Ամառային ընթերցանության» հատուկ գրապահարանները:
-Ծրագիրը գործում է Երևան, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Գյումրի, Իջևան, Կապան, Հրազդան, Ճամբարակ, Վանաձոր, Ստեփանակերտ քաղաքներում: Գրախանութների հասցեներին կարող են ծանոթանալ կայքի միջոցով: