21/05/2015 18:31
Իռեն Ուլիխանովա. Դեմ են այն տղամարդիկ, ովքեր առհասարակ չեն սիրում, երբ իրենց կինն աշխատում է
«Շատ ուրախալի է, որ պարարվեստը դարձել է այն առաջնային զբաղմունքներից, ուր ձգտում են ծնողները տանել իրենց երեխաներին»,-այսպես պատասխանեց Aysor.am-ի` ծնողները որքանո՞վ են հետաքրքրված, որ իրենց երեխաները զբաղվեն պարարվեստով հարցին Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնի պարուհի Իռեն Ուլիխանովան:
Մեր այն դիտարկմանը, որ հայ տղաները ժամանակին խուսափում էին «ձեռքերը վեր բարձրացնելուց», մեր զրուցակիցը նկատեց, որ բավակին փոխվել է հայ տղաների պատկերացումն ու վերաբերմունքը պարի նկատմամբ, նույնիսկ արդեն փեսաներն են հաճույքով պարում:
Իսկ թե որքանո՞վ է հայ տղամարդը համակերպվում բեմարվեստին նվիրված կնոջ աշխատանքին և արդյոք նրա և ամուսնու` Վահագն Գրիգորյանի հարաբերություններում այդ հարցի շուրջ խնդիրներ չեն ծագում, մեր զրուցակիցը նշեց. «Դեմ են այն տղամարդիկ, ովքեր առհասարակ չեն սիրում, երբ իրենց կինն աշխատում է: Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել, որովհետև իմ ամուսինը կայացած և բարձր ինքնագնահատականով մարդ է»:
Այսօր տարածված մոտեցում է, երբ ֆիլմում, հատկապես սերիալներում, հայտնվում են այս կամ այն ասպարեզից հայտնի մարդիկ. այս պարագայում բոլորովին չի կարևորվում պրոֆեսիոնալ դերասանի մասնագիտությունը: Մեր պարուհի զրուցակիցը ևս նման առաջարկներ ստացել է, բայց կարողացել է վանել գայթակղությունը.
«Շատ անգամներ եմ առաջարկներ ստացել` նկարահանվելու սերիալներում ու ֆիլմերում, սակայն, կարծում եմ,որ իմ արվեստը համր արվեստն է»:
Պարուհու և դերասանի համատեղ կյանքը հաճախ կարող է պայթյունավտանգ լինել: Սակայն ըստ Իռենի, մասնագիտությունն ընտանեկան «պայթյունների» հետ այդքան էլ կապ չունի, կարևորը փոխզիջումն է և հարգանքը: Երիտասարդ զույգը դեռևս չի մտածում ընտանիքը նորից համալրելու մասի` պատճառաբանելով ժամանակը. Ինչպես ժպիտով մեկնաբանեց Իռեն Ուլիխանովան` «Ժամանակ չենք գտնում»:
Իսկ թե ի՞նչ է մտածում պարուհին սեփական պարի դպրոցն ունենալու առումով, նշեց. «Քանի դեռ ինքս պարում եմ, դպրոցի ժամանակ չունեմ, երբ այլևս չպարեմ` կմտածեմ»: